«Սովորական տուն է, մեկ զալով ու չորս սենյակով»․ այսպես էր նախընտրական քարոզարշավի օրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նկարագրում իր փեսայի՝ Կարապետ Գուլոյանի Առինջի առանձնատունը։
Սակայն այսօր այդ «սովորական տան» շուրջ հետաքրքիր զարգացումներ են ընթանում։
2026 թվականի հունիսի 8-ին Կարապետ Գուլոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց։ Պատճառը՝ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի գործողություններ կատարելն էր։
Դատախազության հայտարարության մեջ ասվում է՝ թեև Գուլոյանը տեղեկացված է եղել, որ դատարանը տան օգտագործման վրա արգելանք է դրել, սակայն կազմակերպել է արտաքին և ներքին պատերի երեսպատված սալիկների ապամոնտաժում, դռների ու պատուհանների տեղահանում և այլն։
Ռադար Արմենիա այցելել է այդ հասցեով։ Պարսպապատ այս տարածքն ամբողջությամբ շրջապատված է ծառերով, իսկ ներսում առկա են լողավազաններ և հանգստի գոտիներ։
Եվ ահա թե ինչ տեսանք…
Նշենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետությունը մայիսի 12-ին Առինջ գյուղի Պարույր Սևակի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեում գտնվող հսկայական առանձնատան շուրջ 91 տոկոսի նկատմամբ գրանցեց սեփականության իրավունք։
Գույքը պատկանում էր Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանին և նրա կնոջը՝ Ռոզա Ծառուկյանին՝ Գագիկ Ծառուկյանի դստերը։
Կադաստրային տվյալներով՝ տարածքը զբաղեցնում է գրեթե 8600 քառակուսի մետր հողամաս։
Առանձնատունն ունի՝
երկու հիմնական հարկ՝ ավելի քան 570 քմ ընդհանուր մակերեսով,
շուրջ 341 քմ նկուղ,
երեք առանձին ջրավազան,
125 քմ պահակատուն-ավտոտնակ,
137 քմ ավտոտնակ-պահեստ,
մեծ այգի և կանաչապատ տարածքներ։
Բացի այդ, Գուլոյանից բռնագանձվել է նաև՝
Ծաղկաձորում գտնվող հողամաս,
«ԱԿԲԱ ԲԱՆԿ»-ի 2000 բաժնետոմս,
«Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294 հազար 900 դոլարանոց փոխառության չվերադարձված մասից 264 հազար դոլարի պահանջի իրավունք,
«Էլեկտրամոնտաժ» ընկերության բաժնետոմսերի արժեք,
ավելի քան 1 միլիարդ 227 միլիոն դրամ՝ որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս,
ևս 58 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ։
Մինչդեռ փաստաբան Էմին Խաչատրյանը պնդում է՝ խոսքը ոչ թե գույքի քանդման կամ վերակառուցման, այլ սովորական վերանորոգման աշխատանքների մասին է եղել։
«Իմ կարծիքով, նույնիսկ հանցակազմ չպարունակող մի հատ իրավիճակ է, որովհետև խոսքը տան վերակառուցման, տեսքի փոփոխության մասին խոսքը ուղղակի չի կարող գնալ»։
Խաչատրյանի դիտարկմամբ՝ երկար տարիների ընթացքում այդ պատի սալիկները խոնավության արդյունքում պատից առանձնացած են եղել, տան մեջ էլ է ջուր լցված եղել։
Փաստաբանը նշում է՝ աշխատանքների ընթացքում վնասված երեսպատման սալիկներն են փոխարինվել նորերով։
Անդրադառնալով դատախազության պնդմանը, թե գույքի նկատմամբ արգելանք է եղել, Խաչատրյանը շեշտում է՝ գույքի տնօրինման արգելքը չի նշանակում, որ սեփականատերը չի կարող պահպանել կամ վերանորոգել այն։
«Տնօրինելը մենք չպետք է խառնենք գույքի վերանորոգման հետ։ Եթե տան մեջ բնակվում ես, պատի խողովակը վնասվել է, ջուրը լցվում է տունը, ի՞նչ է նշանակում՝ չպետք է քանդես պատը, խողովակը վերանորոգես, որ տունը օգտագործման համար պիտանի մնա»։
Փաստաբանի խոսքով՝ վերանորոգման աշխատանքները սկսվել են դեռևս մինչև Վճռաբեկ դատարանի որոշումը՝ դեռ 2025 թվականի հոկտեմբերին։
Մինչդեռ այսօր էլ հայտնի դարձավ՝ Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել՝ տնային կալանք և 20 միլիոն դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում։
