Իրան-ԱՄՆ հարաբերությունները, կարծես թե, գնալով սրվում են։ Իրանը խոցել է ԱՄՆ բարձր տեխնոլոգիական Apache ուղղաթիռներից մեկը, ինչին ի պատասխան՝ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանին։ Միաժամանակ, Իրանի ԶՈՒ-ն ևս հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմաբազաներին։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ։
-Վերջին իրադարձություններից հետո, երբ կրկին ԱՄՆ-ը հարվածներ հասցրեց Իրանին, իսկ վերջինս էլ՝ ամերիկյան բազաներին, արդյոք կարո՞ղ ենք ակնկալել լայնամասշտաբ ռազմական էսկալացիա, թե՞ ոչ։
-Համենայնդեպս, լայնամասշտաբ էսկալացիայի ռիսկերը բավականին բարձր են ԱՄՆ-ի նախագահ Թրամփի քաղաքական դիրքերի համար, և սա թույլ է տալիս մտածել, որ այնպիսի էսկալացիան, ինչպիսին, օրինակ, եղավ պատերազմի այդ գրեթե 2 ամիս տևած շրջանում, քիչ հավանական է։ Կրկնեմ՝ դա Թրամփի համար կհանգեցնի բավականին ծանր հետևանքների Ամերիկայի Միացյալ Նահանգներում քաղաքական դիրքերի իմաստով։
-Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին ասել է. «Մեր տարածքի մոտ տեղակայված օտարերկրյա զորքերը մշտապես վտանգի տակ են… Այս ռիսկը նվազեցնելու լավագույն լուծումը նրանց դուրսբերումն է»։ Ի՞նչ քաղաքական ուղերձ է սա։
-Մենք տեսնում ենք, որ Իրանն իր դեմ պատերազմը, փաստորեն, կարողացավ տեղափոխել բավականին ասիմետրիկ աշխարհաքաղաքական գործընթացի հարթություն և հիմա փորձում է այդտեղ ծավալել իր քաղաքական պատկերացումները ռեգիոնալ անվտանգության ճարտարապետության վերաբերյալ, ձևավորել դրանց շուրջ նաև որոշակի դաշնակից կամ գործընկեր ռեգիոնալ երկրների շրջանակ և այդ տրամաբանությամբ արդեն շարժվել առաջ։ Իրանն օգտագործում է ոչ միայն այն հանգամանքը, որ ինքը, փաստորեն, կարողացավ դիմանալ այդ զանգվածային առաջին ուժգին պատերազմական հարվածին, այլ նաև փորձում է օգտագործել ԱՄՆ-ի ներքաղաքական իրավիճակն ու այդտեղ Թրամփի կարիքներն ու բարդությունները։ Այդպես է ձևավորել օրակարգ ռեգիոնալ անվտանգության ճարտարապետության շուրջ քննարկումների և այլ հարցերի իմաստով. մենք հիմա, օրինակ, տեսնում ենք, որ Իրանը գրեթե կիսաֆորմալացրել է Հորմուզի նեղուցի հանդեպ իր իրավունքները։ Նախօրեին, կարծես թե, տեղեկություն եղավ, որ Թեհրանն առաջարկում է անվտանգության գոտի ձևավորել Հորմուզի նեղուցից մինչև Բաբ էլ-Մանդեբի նեղուց։ Իրանին առնվազն հաջողվել է որոշակիորեն տեղափոխել պատերազմն աշխարհաքաղաքական դիմակայության դաշտ, և փաստորեն, Իրանը բավականին հմուտ, հանդարտ, իրեն բնորոշ ռազմավարական համբերատարության որակներով կարողանում է գործել։
-Ի՞նչ հետևանքներ կունենա այս ամենը, և կարո՞ղ ենք ակնկալել, այնուամենայնիվ, բանակցային լուծումներ։
-Ես կարծում եմ՝ լուծումների առումով, իհարկե, բանակցությունը և ուժի գործադրումը տևական ժամանակ ընթանալու են զուգահեռաբար։ Ի վերջո, անշուշտ, պետք է լինի ինչ-որ պայմանավորվածություն, բայց հարցն այն է, թե ի՞նչ ուժերի, ի՞նչ հարաբերակցությամբ։ Որովհետև ավելորդ չէ գուցե ասել, բայց, մյուս կողմից, նույնիսկ ավելորդ է թվում հիշեցնել Չինաստանի գործոնը, որն ակտիվ ներգրավված չէ մերձավորարևելյան և Ծոցի պրոցեսներում, բայց, անկասկած, նշանակալի և վճռորոշ խաղացողներից մեկն է, ինչի մասին վկայում էր նաև մայիսի սկզբին Թրամփի այցը Պեկին։ Դրանից հետո նաև, գիտենք, Պեկինում եղավ Ռուսաստանի նախագահը, իսկ Ռուսաստանը ևս այստեղ առանցքային խաղացող է։ Ուզում եմ հիշեցնել՝ Ռուսաստանը 2025-ի հունվարին Իրանի հետ կնքեց նաև ռազմավարական գործընկերության մեծ պայմանագիր, որը շատ տարողունակ փաստաթուղթ է, և այդ պայմանագիրն արդեն ուժի մեջ է մտել։ Հանգամանքները շատ կարևոր են, թե Ծոցի երկրները, ի վերջո, ինչպիսի՞ քաղաքականություն են որդեգրելու ռեգիոնալ անվտանգության ճարտարապետության իմաստով, որովհետև նրանք բախվեցին Միացյալ Նահանգներ-Իսրայել կամ, ավելի շուտ, Թրամփի և Նեթանյահուի որոշումների հետ, և Իրանի դեմ պատերազմը լրջագույն հարված է հասցրել Ծոցի երկրներին, օրինակ՝ Արաբական Էմիրություններին, Կատարին, և նրանց դիրքորոշումները ևս վճռորոշ են լինելու։ Իհարկե, թե՛ բանակցային գործընթացով, թե՛ ուժի կիրառմամբ ինչ-որ պայմանավորվածություն, անկասկած, լինելու է. խնդիրն այն է, թե ուժերի ինչ հարաբերակցությամբ և ինչ մասշտաբով։
Լիլիթ Աբրահամյան
