Մխիթարյանը կշարունակի «Ինտերում» իր պրոֆեսիոնալ կարիերան – armeniatoday.am

«Ինտեր» ֆուլտբոլային ակումբի մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն ոչ ուղղակիորեն նշել է, որ հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կշարունակի իտալական ակումբում իր պրոֆեսիոնալ կարիերան։

Նա ուշագրավ է համարել, որ Մխիթարյանն առանց գործակալների է մասնակցում իր կարիերայի հետ կապված քննարկումներին, և միայնակ է որոշումներ կայացնում։

«Իմ ողջ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկ ֆուտբոլիստի, ով ամեն ինչ անում է ինքնուրույն և ամեն առումով միջինից բարձր մակարդակի վրա է՝ լինի դա խաղադաշտում, դրանից դուրս, թե սեփական կարիերայի կառավարման հարցում»,- Աուզիլիոյի խոսքն է մեջբերել La Gazzetta dello Sport-ը։

Ըստ մասնագետի՝ Մխիթարյանը կմնա «Ինտերում»։ «Հայը, ով սլանում է գնացքի պես, իսկապես այլ հարթության մեջ է»,-նշել է նա։

ԶԼՄ-երը մայիսի վերջին հայտնել էին, որ Հենրիխ Մխիթարյանը համաձայնության է եկել ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցում։

Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Մխիթարյանն ամենատիտղոսակիր հայ մարզիկներից մեկն է։ 37-ամյա ֆուտբոլիստը շարունակում է հանդես գալ «Ինտերում» և իտալական ակումբի լավագույն մարզիկներից է համարվում։

Leave a Comment