Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության հարցը դարձել է հրատապ․ անհրաժեշտ է արագ կողմնորոշվել․ Լավրով

Հայաստանը պետք է հնարավորինս արագ ընտրություն կատարի Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև, քանի որ այդ հարցն արդեն դարձել է հրատապ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

«Հայաստանում արդեն ընդունվել է Եվրոպական միությանը անդամակցելու մասին օրենք, ուստի հարցն արդեն կանգնած է ողջ սրությամբ», -նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ «Հայաստանի անդամակցության հարցով անհրաժեշտ կլինի բավական արագ հստակեցումներ մտցնել»։

«Խոսքը ոչ թե այն մասին է, որ մենք չենք հարգում հայ ժողովրդի ընտրությունը։ Մենք պարզապես ցանկանում ենք հստակ իմանալ, թե որն է այդ ընտրությունը։ Հակառակ դեպքում անհնար կլինի միաժամանակ իրականացնել Հայաստանի՝ Եվրոպական միությանը միանալու մասին օրենքը և մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, քանի որ այս երկու միավորումների գործունեությունը կարգավորող նորմերն ու կանոնները փոխադարձաբար անհամատեղելի են»,-ընդգծել է Լավրովը։

Leave a Comment