Ծառուկյանի փեսա Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

Գլխավոր դատախազը հունիսի 8-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի արարք կատարելու համար, Armenia Today-ին հայտնեց Դատական դեպարտամենտի մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը։

Նրա խոսքով՝ դատավոր Արմեն Վարոսյանը Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել 1-ամսյա տնային կալանքը՝ համակցված 20 մլն դրամ գրավով։

ՀՀ գլխավոր դատախազությունը մայիսի 12-ին տեղեկացրել էր, որ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Ծառուկյանից, կբռնագանձվեն Կոտայքի մարզի Առինջ գյուղի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված 90%-ը։

Դատարանի կողմից արգելվել էր գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելը, սակայն կազմակերպվել է բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերի վնասում, նշել էին դատախազությունից։

«Մասնավորապես՝ կազմակերպել էր երեսպատված սալիկների ապամոնտաժում, դռների ու պատուհանների տեղահանում և այլն»,- նշվում էր հաղորդագրության մեջ։

Leave a Comment