«Ուժեղ Հայաստան» դաշինքում հայտարարել են, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վերահաշվարկի նոր պահանջներ և դիմումներ են ներկայացվելու Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը հայտնել է, որ ընտրական գործընթացի որոշ դրվագների մասով արդեն իսկ առկա են Վարչական դատարանի դատական ակտեր։
Վարդևանյանի գնահատմամբ՝ իշխանությունները քարոզարշավի ընթացքում ատելության խոսք են տարածել՝ ընտրողների կամքի վրա ազդելու նպատակով, լայնորեն կիրառել են վարչական ռեսուրս և քաղաքական գործընթացներին միջամտելու նպատակով իրականացրել են ճնշումներ՝ մինչև թեկնածուների և վստահված անձանց կալանավորումներ։
Նա նաև պնդել է, որ քվեարկության օրը թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ՝ սկսած կազմակերպչական գործընթացից մինչև ձայների հաշվարկն ու արձանագրումը։
Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել են Ազգային ժողովի ընտրություններ, որոնց մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրությանը, ԿԸՀ նախնական տվյալներով, մասնակցել է 1 477 736 (58,94%) մարդ՝ 2 503 976 ընտրողից: ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ է պահանջել։ Հունիսի 9-ին մոտ 50 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում է ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստանը»։
Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։
«Ուժեղ Հայաստանը» հայտարարել է, որ ԿԸՀ տվյալները չեն արտացոլում ընտրությունների իրական արդյունքները։ Ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է իշխանության յուրացման փորձի և ԿԸՀ-ին ճնշելու մեջ։
Կարդացեք նաև՝
