Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին




ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո իրանցի զինվորականները գրոհել են տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա։ Եթե ագրեսիան կրկնվի, պատասխանն էլ ավելի ուժգին կլինի, վստահեցրել են Իրանի զինված ուժերի «Հազրաթ Խաթամ ​​ալ Անբիա» կենտրոնական շտաբում:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Press TV հեռուստաալիքը։ «Ամերիկյան բանակը պետք է իմանա, որ եթե նա որևէ ագրեսիա կրկնի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, ապա էլ ավելի լուրջ ու լայնածավալ հարվածներ կհասցվեն տարածաշրջանի որոշակի թիրախների», – ասվում է շտաբի հայտարարության մեջ։


Հրամանատարությունում ընդգծել են, որ «տարածաշրջանում գտնվող մի քանի ամերիկյան բազաներ հզոր հարձակման են ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության հերոսական բանակի և ԻՀՊԿ քաջարի զինվորների կողմից»՝ ի պատասխան հունիսի 10-ի գիշերը Իրանի հարավին ԱՄՆ զինվորականների հասցրած հարվածների՝ «նրանց ուղղաթիռի կործանման կեղծ պատրվակով»։


Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ հունիսի 10-ի գիշերը հարվածների երեք ալիք է իրականացվել Իրանի դեմ՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում ամերիկյան Apache ուղղաթիռի խոցման։Ի պատասխան՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրթիռներ և անօդաչուներ է արձակել տարածաշրջանում ԱՄՆ-ի հետ կապված թիրախների վրա։


 


 



 


 

Leave a Comment