Իջևանցի վարորդներն ավտոմեքենաներին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական խորհրդանիշը՝ «սրտիկի» և «Խաղաղություն» գրառմամբ քարոզչական պաստառը փակցնելու դիմաց օրական 5 հազարական դրամ են ստացել, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։
Պարբերականի տեղեկություններով՝ նմանատիպ մեքենաների թիվն առավել մեծ է եղել մինչև հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների օրը, իսկ քվեարկության ավարտից հետո վարորդների մի մասն արդեն հեռացրել են այդ պաստառները։
ՔՊ-ի նախընտրական պաստառները վնասելու համար ուժային կառույցները մի շարք քաղաքացիների նկատմամբ նախընտրական շրջանում հետապնդումներ են իրականացրել։ ՔՊ-ի նախընտրական պաստառ պատռելուց հետո մայիսի 15-ին ձերբակալվել էր հոգեկան առողջության հետ խնդիր ունեցող մի քաղաքացի։ Նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու գործով ձերբակալված Արմեն Հովհաննիսյանին մայիսի 16-ին «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնում կախված վիճակում են գտել։ Մեկ այլ դեպքով մայիսի 15-ին Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ էին ձերբակալել։
Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել են Ազգային ժողովի ընտրություններ, որոնց մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրությանը, ԿԸՀ նախնական տվյալներով, մասնակցել է 1 477 736 (58,94%) մարդ՝ 2 503 976 ընտրողից: ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ է պահանջել։ Վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։
Կարդացեք նաև՝
