Ընդդիմությունը մինչև հունիսի 14-ը վերջնական որոշում չի կայացնի մանդատների հարցով. ԶԼՄ

Խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը դեռևս վերջնական որոշում չունեն պատգամավորական մանդատները վերցնելու հարցում, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տեղեկություններով՝ «Հայաստան» դաշինքի  ղեկավարությունը դիտարկում է մանդատները չվերցնելու տարբերակը, սակայն սպասում է մյուսների հետ միասնական դիրքորոշման ձևավորմանը։ 

Միևնույն ժամանակ, ըստ թերթի, «Ուժեղ Հայաստան» կուսակցության (առաջնորդ՝ Սամվել Կարապետյան) ներսում երկու տարբերակ են քննարկում՝ չընտրված թեկնածուները հորդորում են չվերցնել մանդատները, իսկ խորհրդարան անցած թևը մարտական է տրամադրված և հակված է ԱԺ գնալուն և ամբիոնն օգտագործելով քաղաքական պայքարը շարունակելուն։ 

Ընդդիմադիրների այս իրավիճակի վրա կարող է ազդել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) համար իրականացվող քվեների վերահաշվարկը, որին անցողիկ շեմը հաղթահարելու համար պակասում է 70 ձայն, գրել է օրաթերթը։

Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր առաջատար ուժերը հանդես են եկել քվեարկության արդյունքների վերանայման պահանջով։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես պահանջել է  արդյունքների վերահաշվարկ իրականացնել մոտ 50 ընտրական տեղամասերում՝ մատնանշելով արձանագրված խախտումները։

Իր հերթին «Հայաստան» դաշինքից Իշխան Սաղաթելյանը հայտարարել է ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու մտադրության մասին։

ԲՀԿ-ն նույնպես դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով քվեների վերահաշվարկ։ Նախնական տվյալներով՝ կուսակցությունը հավաքել է ձայների շուրջ 4 տոկոսը։ Միևնույն ժամանակ դատախազությունից Armenia Today-ին հայտնել են, որ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մեղադրական եզրակացության հիման վրա նրան արգելված է լքել երկիրը։ Գործը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն։ 

ԿԸՀ-ն խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները նախատեսում է հրապարակել հունիսի 14-ին։

Leave a Comment