Ռուսաստանը դեռևս չի շտապում շնորհավորել Հայաստանի վարչապետին և խորհրդարանական ընտրություններում հաղթած քաղաքական ուժին։ Ընդհակառակը, հնչում են կսմիթներ ու ակնարկներ ընտրախախտումների մասին։
Քաղաքագետ Էդգար Առաքելյանի գնահատմամբ՝ այս ամենը պայմանավորված է նրանով, որ Մոսկվայի քաղաքական ակնկալիքները չեն արդարացել. «Ակնհայտ էր, որ Ռուսաստանն աջակցում էր կոնկրետ քաղաքական շրջանակների՝ ի դեմս Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի։ Ընտրությունները ցույց տվեցին, որ որքան էլ ընտրակաշառքի մեծ դեպքեր կային, որքան էլ դրսից մարդիկ բերեցին, ովքեր, ըստ էության, պատրաստ էին վաճառել իրենց պետությունը, հայրենիքը, այնուամենայնիվ, Հայաստանի քաղաքացիները չընկրկեցին, Հայաստանի քաղաքացիները հասկացան, որ սա մեր պետության դեմ պայքար է, և Հայաստանի քաղաքացիները գնացին և հերթական անգամ ջախջախիչ առավելություն տվեցին գործող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»։
Առաքելյանի խոսքով՝ ընտրությունների արդյունքներից հետո Ռուսաստանում հիասթափված են քաղաքական գործիչներից, որոնց վրա հույս էին դրել. «Իհարկե, իրենց ախորժակներն այլ էին, իհարկե, իրենք տեսնում էին Հայաստանում հաղթանակն էդ իրենց ուղարկված գուբեռնիստների, հա՞, ի դեմս Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի։ Մենք տեսանք, թե ինչպիսի տնտեսական, ըստ էության, ճնշումներ փորձեցին գործադրել Հայաստանի վրա, փորձեցին վախեցնել, Հայաստանի քաղաքացիներին փորձեցին, ըստ էության, էդ 300 հազար ադրբեջանցիների թեման շրջանառել, բայց դրանով հանդերձ՝ մեր քաղաքացին հասկացավ, թե ինչ է տեղի ունենում, և գնաց իր հստակ քվեն տվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»։
Քաղաքագետ Արմեն Վարդանյանի դիտարկմամբ էլ՝ թեև Մոսկվան բավականին լուրջ ռեսուրսներ էր ներդրել Փաշինյանի պարտությունն ապահովելու նպատակով, բայց նրանց ակնկալիքները չարդարացան. «Ոչ միայն մեծ, ահռելի ֆինանսական միջոցներ են հատկացվել, նաև մարդիկ են բերվել Ռուսաստանից։ Հիբրիդային պատերազմի տարբեր դրսևորումներով փորձում էին իշխանության ռեյտինգը գցել, բայց դա չստացվեց, և այս բոլորը ցույց են տալիս, որ Կրեմլի պլանը ձախողվել է։ Կրեմլը խաղադրույք էր կատարել այդ երեք հայտնի ուժերի վրա, որը որ հաջողության չհասավ»։
Փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանն առաջիկայում իր գործողություններով կարտահայտի վերաբերմունքն այն քաղաքական դերակատարների նկատմամբ, որոնց հետ կապվում էին Մոսկվայի ակնկալիքները։
Անդրադառնալով նախընտրական շրջանին՝ քաղաքագետները նշում են, որ Հայաստանը բախվել է հիբրիդային պատերազմի, կեղծ տեղեկատվության և ապատեղեկատվության դրսևորումների, բայց մեր քաղաքացիները չտրվեցին այդ սադրանքներին, գնացին և ճիշտ ընտրություն կատարեցին։
Քաղաքագետները նաև համոզմունք են հայտնում, որ Ռուսաստանը, անկախ իր նախնական ակնկալիքներից, ի վերջո կընդունի Հայաստանի ժողովրդի կայացրած որոշումը.
«Ես համոզված եմ, որ պարոն Պուտինը կշնորհավորի Հայաստանի վարչապետին փայլուն հաղթանակի կապակցությամբ, և, իհարկե, պետք է համակերպվեն, քանի որ սա Հայաստանի ժողովրդի ընտրությունն էր։ Ինչպես պարոն Պուտինն է սիրում ասել՝ մենք կհամակերպվենք բոլոր այն ընտրությունների հետ, ինչը կանի Հայաստանի քաղաքացին և Հայաստանի ժողովուրդը։ Հայաստանի ժողովուրդն ընտրել է իր իշխանությանը, և չհամակերպվելու այլ տարբերակ պարզապես չունեն ոչ միայն Պուտինը, այլև աշխարհի ցանկացած երկրի ղեկավար։
«Ռուսաստանն էլ կշնորհավորի Փաշինյանին, որովհետև իմաստ չունի չշնորհավորելը, և եթե նույնիսկ չշնորհավորի, դա որևէ բան չի փոխելու։ Բնականաբար, այնպես որ, չշնորհավորելու իմաստ չկա ուղղակի, դա որևէ բան չի տա Ռուսաստանին, բայց առայժմ իրենք սպասողական վիճակում տեսնում են, նայում են, տեսնեն, թե ինչպես են զարգանում իրադարձությունները»։
Մանրամասները՝ տեսանյութում։
