Հացադուլ հայտարարած արցախցի գործչի առողջական վիճակը վատթարացել է. փաստաբան

Հացադուլ հայտարարած Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է, Armenia Today-ին հայտնել է վարչապետի հետ վեճից հետո կալանավորված արցախցի գործչի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։

«Շատ ծանր է, հյուծված, քաշի կորստով, վերջին անգամ մեկ շաբաթ առաջ է բժշկական զննություն անցել»,-նշել փաստաբանը։

Ըստ Հովհաննիսյանի՝ վերջին զննությունից հետո Օսիպյանն ի նշան բողոքի հրաժարվել է նաև բժիշկների այցերից։

Արձագանքելով մի խումբ հասարակական գործիչների հայտարարած նախաձեռնությանը, որով նրանք երաշխավորություն են ցանկանում ներկայացնել Օսիպյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ, Հովհաննիսյանը նշել է, որ իրենց կողմից դեռևս երկու շաբաթ առաջ է միջնորդություն ներկայացվել դատարան, բայց դատական նիստ նշանակված չէ։

 

Leave a Comment