Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունները մոտենում են ճգնաժամի կետին։ Անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Կալասը տեղեկացրել է, որ Եվրամիության անդամ երկրների ռազմածովային ուժերը այսուհետև Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ գործողություններ կիրականացնեն ոչ միայն Բալթիկայում, այլև Միջերկրական ծովում։ Այդ որոշումը կայացրել են ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները։
Ակնկալվում է, որ հունիսի 15-ին Եվրամիությունը կհամաձայնեցնի նկատմամբ պատժամիջոցների քսանմեկերորդ փաթեթը, որը կտարածվի ավելի քան ութսուն իրավաբանական և ֆիզիկական անձի նկատմամբ։ Խոսքը առաջին հերթին Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի հետ սերտորեն կապված ընկերությունների մասին է։ Ինչպես անոնսավորել է Կալասը, պատժամիջոցներ կսահմանվեն նաև «մարդու իրավունքները խախտող անձանց և քարոզիչների նկատմամբ»։
Ովքե՞ր են Ռուսաստանի քարոզիչները, որոնց նկատմամբ Եվրամիությունը պատժամիջոցներ կկիրառի, առայժմ պարզ չէ։ Վերջերս հրապարակվել է Ռուսաստանի հարյուր ազդեցիկ գործիչների վարկանիշային ցուցակը։ Առաջին հիսուն ազդեցիկ գործիչների շարքում տեղ է գտել նաև պետական հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը։ Սա բարձր վարկանիշ է և վկայում է, որ Կրեմլը չափազանց մեծ նշանակություն է տալիս պետական քարոզչությանը։
Եվրամիության պատժամիջոցները, կարելի է վստահաբար ասել, Ռուսաստանի պետական քարոզչության որևէ փոփոխության չեն հանգեցնի։ Ավելի հավանական է, որ Կրեմլը ավելի կխստացնի մամուլի նկատմամբ հսկողությունը։ Ռուսաստանի քարոզչության թիրախներից մեկը վերջին ամիսներին Հայաստանն է։ Մոսկվան այլեւս չի թաքցնում, որ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները «թշնամանք» են իր հանդեպ։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքները վկայել են, որ Մոսկվայի քարոզչական նարատիվները Հայաստանում բնակչության ավելի քան մեկ երրորդի համար «պահանջված» են։ Սա լուրջ ահազանգ է։ Իրավիճակը հաղթահարելու կամ գոնե շտկելու համար անհրաժեշտ է առաջին հերթին պետական մոտեցում՝ օրենսդրական կարգավորումներից մինչև դրամաշնորհների տրամադրում։ Բայց առաջին հերթին պետք են տեղեկատվա-քարոզչական նորագույն մշակումներ։ Այլապես Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը, որ կատարվել է հունիսի 7-ին, կմատնվի «տեղապտույտի»։