«Ինչ վերաբերում է քննարկմանը՝ մանդատները վերցնելու ենք-չենք վերցնելու, ինչպիսի ընթացք է լինելու, էս հարցերի պատասխաններն ունենալուց հետո, համապատասխան խորհրդակցություններ անցկացնելով նաև ընդդիմադիր քաղաքական գործընկեր ուժերի հետ (որովհետև որոշումը պետք է լինի միասնական), մենք մեր դիրքորոշումը վերջնական կհայտնենք»,- ասաց «Հայաստան» դաշինքը ներկայացնող Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով. «Մեր ցանկացած որոշում բխելու է ընդհանուր պայքարի տրամաբանությունից. կիսում ենք հնչեցվող մտահոգությունները, բայց ամեն ինչ սառը դատելով, իրավիճակը գնահատելով և պայքարի հաջողության ու շարունակության տեսանկյունից ենք որոշումն ընդունելու»:
***
«Հայաստան» դաշինքը ներկայացնող Իշխան Սաղաթելյանը քիչ առաջ հայտարարեց, որ պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրության արդյունքները: Նա նշեց, որ թիմն աշխատում է այս ուղղությամբ: «Ակնհայտ հասկանալով՝ ովքեր են նստած ՍԴ-ում, նրանց կաշկանդվածությունը և, ըստ էության, իշխանության կցորդ լինելու հանգամանքը, այս ամենով հանդերձ, ծանրակշիռ փաստերով մտնելու ենք ՍԴ՝ վերջնահաշվարկից հետո»,- հայտարարեց ընդդիմադիր գործիչը: