Իրանի նախագահը և ԱԳ նախարարը շնորհավորել են Փաշինյանին հաղթանակի առթիվ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ իր շնորհավորական ուղերձում Փեզեշքիանը բարձր է գնահատել ընտրությունների հաջող անցկացումը և «հայ ժողովրդի կողմից Նիկոլ Փաշինյանի կառավարությանը ցուցաբերած նոր աջակցությունը որակել որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, զարգացման, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված քաղաքականություն վարելու նրա ցանկության նշան »։

Նախագահը վստահություն է հայտնել, որ ավելի լայն և կառուցողական համագործակցությունը կամրապնդի Թեհրանի և Երևանի միջև հարաբերություններում դրական և դինամիկ միտումները։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նույնպես շնորհավորել է Հայաստանի վարչապետին։ X սոցիալական ցանցում հայերեն լեզվով գրառման մեջ նա նշել է երկու երկրների միջև հարաբերություններում դրական միտումները ամրապնդելուն ուղղված կառուցողական համագործակցության շարունակման հնարավորությունները։

Փաշինյանի շնորհավորել են նաև Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետտենը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, Իսպանիայի Կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոն, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն և Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել էին Ազգային ժողովի ընտրություններ, որոնց մասնակցում էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրությանը, ԿԸՀ նախնական տվյալներով, մասնակցել է 1 477 736 (58,94%) մարդ՝ 2 503 976 ընտրողից: ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել են երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։ Նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է 49,825%, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,281%, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 9,934%։

Leave a Comment