Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը

Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Հական Ֆիդանի, Ջեյհուն Բայրամովի և Մակա Բոչորիշվիլիի տասներորդ եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել է Ստամբուլի հռչակագիրը: 

Փաստաթղթում նախարարները վերահաստատել են իրենց անվերապահ աջակցությունը միմյանց սուվերենությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը՝ հատուկ շեշտելով Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման կարևորությունը:

Կողմերն ընդգծել են եռակողմ գործընկերության դերը տարածաշրջանային ու գլոբալ մարտահրավերների, այդ թվում՝ ահաբեկչության, կիբերհարձակումների և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում:

Հռչակագրում առանցքային տեղ է հատկացվել տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ համագործակցությանը: 

Նախարարները բարձր են գնահատել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի և Հարավային գազային միջանցքի ռազմավարական ներդրումը տարածաշրջանի ու Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում։ 

Ինչպես նաև կարևորել են «Միջին միջանցքի» և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի արդիականացման աշխատանքների ավարտը: 

Կողմերը պայմանավորվել են խորացնել կապերը կանաչ էներգետիկայի, առևտրի, ներդրումների խթանման ու զբոսաշրջության ոլորտներում և հայտարարել, որ հաջորդ եռակողմ հանդիպումը կկայանա 2027 թվականին Վրաստանում:

Leave a Comment