Ինչպե՞ս չծախսել միլիարդները. Թոքմաջյան | Radar Armenia

Ինչպե՞ս չծախսել միլիարդները. Թոքմաջյան

Պատմաբան, հրապարակախոս Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Մի քանի նախնական դիտարկում ընտրական հետագծից

1. Օրակարգերի (ան)գոյությունը Ընդդիմությունը մինչև վերջին պահը չկարողացավ սեփական հստակ օրակարգ ձևավորել ու իշխանությանը բերել իր դաշտ։ Առավելագույնը, որ արվեց, «300.000 ադրբեջանցիների» թեզն էր ու արդեն երիցս գանահարված «թրքացման» նարատիվը։ Կենսափորձը հուշում է՝ հաջողելու համար պետք է հակառակորդին ստիպես խաղալ քո կանոններով։ Մինչդեռ այս ընթացքում տեսանք լրիվ հակառակը. ընդդիմությունը խաղաց բացառապես Նիկոլ Փաշինյանի դաշտում։ Իսկ այդտեղ նա գերպրոֆեսիոնալ է. անհնար է հաղթել մեկին իր իսկ սեփական զինանոցով։

2. Մեկ դերասանի թատրոնը Փաշինյանը, ինչպես և սպասվում էր, ողջ քարոզարշավը կենտրոնացրեց բացառապես իր անձի շուրջ ու տարավ տրամաբանական ավարտի։ Սա թե՛ իշխող կուսակցության, թե՛ պետության հեռանկարի առումով վատ ազդակ է։ Փաստացի ունենք իրավիճակ, երբ կա ՄԵԿ անձ, իսկ հաջորդ 10 տեղերը պարզապես թափուր են։

3. PR անակնկալներ և թիրախներ Հաճելիորեն զարմացրեց Քոչարյանի PR թիմը։ Նրանց հաջողվեց որսալ հատկապես քաղաքական հիշողություն չունեցող երիտասարդությանը։ Դեռ ընտրություններից շատ առաջ էի նշել՝ քաղաքական ուժերը իմ սերնդի հետ չեն խոսում, որովհետև մեզ համոզել չեն կարող։ Արդյունքում՝ հիմնական թիրախ դարձան թոշակառուները, սոցիալապես խոցելի խմբերը և… հենց այդ երիտասարդությունը։

4. Ինչպե՞ս չծախսել միլիարդները Եթե երբևէ ձեռքներիդ մի քանի միլիարդ դոլար ընկնի ու որոշեք մասնակցել ընտրություններին, խնդրում եմ՝ ձեր արշավը չկազմակերպեք «Ուժեղ Հայաստանի» պես։ Վարձե՛ք պրոֆեսիոնալների։ Նրանց գլխավոր մարտավարական սխալը Սամվել Կարապետյանին որպես առաջնային դեմք բերելն էր։ Նարեկ Կարապետյանն իր խոսքով, քայլերով ու ելույթներով շատ ավելի ընկալելի ու «մարսելի» էր տարբեր լսարանների համար։ Հասկանալի է՝ այլընտրանք չունեին, ամեն ինչ ի վերուստ էր որոշված, բայց պատկերն անհամեմատ շահեկան կլիներ, եթե մինչև վերջ խաղային Նարեկ Կարապետյանի ֆեյսով։

5. Ռոմանտիզմի վերջը Որոշ կուսակցություններ, եթե տարրական ազնվություն ունենային, հենց այսօր պետք է հայտարարեին քաղաքականությունից դուրս գալու և այլ արհեստով զբաղվելու մասին։ Բայց քանի որ մեր քաղաքական դաշտն ընդհանուր առմամբ անազնվության մասին է, այս միտքն էլ կմնա զուտ ռոմանտիկայի ժանրից»։

Leave a Comment