Բայրամովը դիմել է Երևանին․ կարևոր հարցերը պետք է լիովին լուծվեն

Ստամբուլում կայացած Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների 10-րդ եռակողմ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է Երևանի հետ բանակցային գործընթացին։ Նա ընդգծել է, որ խաղաղության ի վերջո հասնելու և փաստաթուղթը ստորագրելու համար անհրաժեշտ է ամբողջական լուծում տալ մի շարք սկզբունքային ու կարևոր խնդիրներին։

Համատեղ ասուլիսի ընթացքում տարածաշրջանային զարգացումներին է անդրադարձել նաև Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հական Ֆիդանը։ Նրա ձևակերպմամբ՝ Հարավային Կովկասում երկարատև կայունության հաստատման գլխավոր նախապայմանը Բաքվի և Երևանի դրսևորած քաղաքական կամքն է։ Ֆիդանը վերահաստատել է Անկարայի աջակցությունը երկու երկրների միջև ընթացող խաղաղության գործընթացին։

Թուրքիայի գլխավոր դիվանագետը նշել է նաև, որ կայուն խաղաղության հաստատումը հնարավորություն կտա զարգացնել միջպետական կապերը, տնտեսական փոխգործակցությունն ու ենթակառուցվածքային նախագծերը։ Ըստ նրա՝ տարածաշրջանը պետք է դուրս գա հակամարտությունների տիրույթից և ասոցացվի բարգավաճման ու զարգացման ծրագրերի հետ, ինչի հույսը տալիս է ներկայիս բանակցային ընթացքը։ 

Leave a Comment