Առաջիկա օրերին գործարարներն ու հանրությունը կոնկրետ կլսեն. Միրզոյանը՝ դեպի ԵՄ երկրներ արտահանումների մասին




armtimes.com  «Ընդհանուր քաղաքական ըմբռնում կա Հայաստանի և ԵՄ-ի միջև, ընդհանուր քաղաքական պայմանավորվածություն և համաձայնություն կան, մենք մտնում ենք տեխնիկական ձևակերպումների փուլ»:


 


Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ մեխանիզմով են ՀՀ-ում արտադրված գյուղատնտեսական ապրանքները մուտք գործելու ԵՄ երկրներ, և արդյո՞ք սա քաղաքական որոշման արդյունք է:


 


Միրզոյանը հաստատել է՝ քաղաքական որոշում է, ապա հավելել է. «Օրերի և առաջիկա շաբաթների ընթացքում, բայց նաև երկարաժամկետ դուք և մեր գործարարները, նաև հայաստանյան ամբողջ հանրությունը կտեղեկացվեք շատ կոնկրետ այս դեպքի կամ կոնկրետ ապրանքի մասին, բայց քաղաքական համաձայնությունը և ճանապարհը կան»:


 


Միրզոյանը նաև անդրադարձել է հունիսի 2-ին Կարսում տեղի ունեցած հանդիպմանը Հայաստանի և Թուրքիայի գործարարների միջև, որը կազմակերպվել էր Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ-ների, առևտրի պալատների մասնակցությամբ և կողմից:


 


«Այս հանդիպումն էականորեն տարբերվում էր նախորդիվ երբևէ եղած գործարար շփումներից, որովհետև շատ հագեցած էր օրակարգով, շատ մեծ հետաքրքրություն էր առաջացրել, օրինակ, Թուրքիայի արևելյան, հյուսիսարևելյան 3 նահանգների գործարար շրջանակների կողմից, շատ էական, մեծ հետաքրքրություն: Կարծում եմ, որ սա շատ լավ ստարտ է այս առումով:


 


Ակնկալում եմ, որ առաջիկայում ռացիոնալ ժամկետներում մենք կունենանք երկրորդ հանդիպումը ՀՀ տարածքում: Տեղյակ եմ, որ կոնկրետ խոսակցություններ են սկսված գործարար շրջանակների, առանձին ընկերությունների կողմից և միջև: Ուրախ կլինեմ, վստահ եմ, որ կտեսնենք այդ խոսակցության շարունակությունը, նյութականացումը և շոշափելի պտուղները:


 


Մի գործընթաց է սկսված, որը, կհամարձակվեմ վստահություն հայտնել, մեծ հաշվով չի կանգնելու և բերելու է ոչ միայն տնտեսական լավ արդյունքներ, այլև իր հետևից բերելու է քաղաքական լավ արդյունքներ»,- ասել է Միրզոյանը:



 


 

Leave a Comment