8 հունիսի 2026 – 10:37 AMT
PanARMENIAN.Net – Ընտրությունների արդյունքներով հաղթանակ է տարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը միանձնյա կառավարություն կձևավորի, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիշերը հրավիրած մամուլի ասուլիսում:
«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր մասնակցեցին ընտրություններին։ 2021-ի համեմատ ստացանք ավելի մեծ թվով քաղաքացիների վստահության քվեն։ ՀՀ քաղաքացին տեր է կանգնել պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը։ Սա պատմական հաղթանակ է, որը միանշանակ ապահովելու է ՀՀ հարատևությունը, զարգացումը։ Ունենալու ենք տևական և ինստիտուցիոնալ խաղաղություն»,- ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն:
Փաշինյանը նշել է, որ առաջնային խնդիրը քաղաքացիների պահանջն է՝ «քրեաօլիգարխիկ համակարգը վերջնականապես պետք է արմատախիլ արվի ՀՀ-ից»։ Նրա խոսքով՝ Հայաստանում հետընտրական զարգացումներ չեն լինելու։
«Դա լինում է այնտեղ, որտեղ ընտրությունների արդյունքների կեղծում է լինում։ Ընդդիմության ձայների մեծ մասն ընտրակաշառքով ստացած են, բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ»,- հավելել է նա։
Փաշինյանը նաև կանխատեսել է «միլիարդների ներդրումային հոսքեր ՀՀ-ում, տնտեսական վերելքի տեմպերի շարունակություն՝ ԹՐԻՓՓ նախագծի, ԱԲ գործարանների բացման տրամաբանության մեջ»։
«Ունենալու ենք հազարավոր աշխատատեղեր, նոր որակի տնտեսություն, պետություն, որի վերելքը շարունակվելու է»,- ընդգծել է վարչապետը։
Նա նաև նշել է, որ ոչ պաշտոնական զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է հունիսի 7-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները։ Հաշվարկի արդյունքները. «Քաղաքացիական պայմանագիր» – 49.81%, «Ուժեղ Հայաստան» դաշինք – 23.29%, «Հայաստան» դաշինք – 9.94% (141 001), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 4%։