Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Առափի բնակվայրում կա մեկ ընտրատեղամաս. այն տեղակայված է գյուղի նախկին Մշակույթի տան շենքում, որը հիմա ժամանցի վայր է գյուղացիների համար:
Գյուղում ընտրելու իրավունք ունեցողների թիվը 1555 է, ժամը 17:40-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 626 ընտրող:
Հանձնաժողովի նախագահ Լիլիթ Չարխիֆալաքյանը «Հետքին» ասաց, որ մասնակցության ամենաակտիվ ժամը եղել է 11:00-12:00-ն:
«Դրսում մեկ-երկու անգամ կուտակումներ եղել են, սակայն ոստիկանության ծառայողները պատշաճ կերպով ամեն ինչ նորմալացրել են»,- նշեց նա:
Դիտորդները և վստահված անձինք ևս մեզ հետ զրույցում նշեցին, որ միջադեպեր, ընտրախախտումներ չեն գրանցվել օրվա ընթացքում:
Գյուղի տարեցներին հարցրինք՝ ինչպես են տեսնում իրենց ապագան, սակայն նրանք հրաժարվեցին պատասխանել` նշելով, որ երիտասարդները պետք է խոսեն, իրենք ասելու բան չունեն։
Գյուղում կա երկու խանութ: Ամենահինը Սեյրան Խաչատրյանինն է, գործում է 90-ականներից: Մեզ հետ զրույցում Սեյրան Խաչատրյանը նշեց, որ գյուղի բնակիչներից շատերը մոտ 10 տարի առաջ աշխատել են Գյումրու ռուսական զորամասում, սակայն հետագայում Ռուսաստանի կողմից նրանց առաջարկ է եղել այնտեղ տեղափոխվելու, ինչից հետո շատերը ընտանիքներով լքել են գյուղը: Սեյրան Խաչատրյանն ասում է` նրանց գնալուց հետո բնակչության թիվը նվազել է:
Ասում է` վաղուց գյուղում հարսանիք չի եղել: Սակայն ապագայի նկատմամբ լավատեսությամբ է լցված:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter