Հաղորդվում է բազմաթիվ խախտումների մասին, բայց հասկանալի չէ, թե որն է այդ խախտումների համար տեղեկատվության աղբյուրը. Իոաննիսյան


Քաղաքականություն


«Հաղորդվում է բազմաթիվ խախտումների մասին, բայց հասկանալի չէ, թե որն է այդ խախտումների համար տեղեկատվության աղբյուրը, և եթե կա դիտորդական առաքելություն, ապա պետք է հասկանալ դրա անաչառության հարցը»,- ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող  Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով ԱՊՀ դիտորդական առաքելության և «Հայաքվե» նախաձեռնության գործունեությանը։

Նա նշել է, որ դիտորդական որոշ կառույցների կողմից ներկայացվող տեղեկատվությունը հաճախ զուրկ է բավարար հիմնավորումներից և կարող է ձևավորել իրականությանը չհամապատասխանող պատկեր։

Իոաննիսյանը  նաև քննադատել է խախտումների վերաբերյալ ահազանգերի ներկայացման ձևը՝ նշելով, որ դրանք հաճախ դուրս են բերվում ընդհանուր համատեքստից։

«Ահազանգերը ներկայացվում են ոչ թե վիճակագրական առումով, այլ ինչ-որ տեղեկատվական հոսքի տեսքով, որը տպավորություն է ստեղծում, որ ամեն ինչ սարսափելի է, ամեն ինչ վատ է», – ասել է նա։

Խոսնակի գնահատմամբ՝ որոշ դեպքերում ընտրախախտումները ներկայացվում են որպես ընտրակեղծիքներ, ինչը կարող է մոլորեցնել հանրությանը։

Առանձին անդրադարձ  կատարվելով  ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչներից մեկի վարքագծին՝ Իոաննիսյանը նշել է, որ «արձանագրվել է մի դեպք, որը երևի թե նախադեպ չունի», երբ միջազգային դիտորդը սոցիալական ցանցում հրապարակայնորեն արտահայտել է աջակցություն քաղաքական ուժերից մեկին։

 «ԱՊՀ դիտորդի այդ պահվածքը մենք արդեն ներկայացրել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ պահանջելով զրկել դիտորդական հավատարմագրումից», – նշել է նա։


Leave a Comment