Այսօր՝ հունիսի 7-ին Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններ են։ Ժամը 08:00-ին բացվել են բոլոր 2005 ընտրական տեղամասերը։ Ընտրությունները կշարունակվեն մինչև 20:00-ն։
Ազգային ժողովում հայտնվելու և գալիք հինգ տարիներին Հայաստանի կառավարումը ստանձնելու համար պայքարում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և երկու դաշինք։ Ի սկզբանե ընտրություններին մասնակցության հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ, սակայն «Ալյանս» կուսակցությունը մայիսի 25-ին դուրս եկավ ընտրապայքարից։
Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 մլն 485 հազար 851 մարդ։ Նրանցից ավելի քան 840 հազարը կամ 34%-ը գրանցված է Երևանում։
Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց և 13 դիտորդական կազմակերպություն։
Չորս շաբաթ տևած բուռն քարոզարշավից հետո երեկ՝ հունիսի 6-ին, լռության օր էր։ Համաձայն «Ընտրական օրենսգրքի» 19-րդ հոդվածի՝ քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով արգելվում է:
Նախընտրական քարոզարշավն անցավ բևեռացվածության մթնոլորտում՝ ատելության խոսքով ու վիրավորանքներով համեմված։
«Հետքն» ամբողջ օրվա ընթացքում հետևելու է ընտրություններին՝ ներկայացնելով դրանց ընթացքը։
Ընտրություններին հետեւելու է 13 տեղական դիտորդական կազմակերպություն, ընդհանուր՝ 2672 դիտորդ։ Ամենամեծ դիտորդական կազմն ունի «Ականատես» համատեղ դիտորդական առաքելությունը, որը միավորում է երկու կազմակերպություն՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ եւ «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»՝ 785 մարդ։
Տեղական դիտորդական կազմակերպություններն են՝
|
Կազմակերպություն
|
Դիտորդների թիվ
|
|
«Ականատես» համատեղ դիտորդական առաքելություն («Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ եւ «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»)
|
785
|
|
Անկախ դիտորդ հասարակական դաշինք (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Իրազեկ քաղաքացիների միավորում, Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ)
|
752
|
|
«Համայնքի երիտասարդներ» համայնքային զարգացման ՀԿ
|
315
|
|
«Երիտասարդական ակումբների դաշնություն» երիտասարդական ՀԿ
|
368
|
|
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
|
93
|
|
«Ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբ» ՀԿ
|
88
|
|
«Ազատ քվե» դիտորդական առաքելություն («Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ, «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ)
|
67
|
|
«ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՍՊԱ» իրավա-սոցիալական ՀԿ
|
57
|
|
«Լուսաստղ» բարեգործական ՀԿ
|
42
|
|
«Գյումրու Առաջընթաց» ՔՀԶ կենտրոն ՀԿ
|
35
|
|
«Հայաստանի Հելսինկյան Կոմիտե» իրավապաշտպան ՀԿ
|
32
|
|
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան ՀԿ
|
29
|
|
«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ
|
9
|
ՀՀ իշխանությունների հրավերով ԱԺ ընտրություններին հետեւելու են նաեւ միջազգային դիտորդներ։ Ըստ ԿԸՀ-ի՝ գրանցվել է 647 միջազգային դիտորդ 8 կազմակերպություններից՝
|
Կազմակերպություն
|
Դիտորդների թիվ
|
|
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (OSCE/ODIHR)
|
328 |
|
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողով
|
114 |
|
ԱՊՀ դիտորդական առաքելություն
|
77 |
|
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողով
|
42 |
|
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ)
|
40 |
|
Միջազգային հանրապետական ինստիտուտ (IRI)
|
23 |
|
Եվրոպական խորհրդարան (EP)
|
15 |
|
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն
|
8 |
Քվեարկությանը կարող են մասնակցել նաեւ դատապարտյալները և կալանավորված անձինք։ 2026թ. հունիսի 1-ի դրությամբ 9 քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող 1465 անձ իրավունք ունի մասնակցելու հունիսի 7-ի համապետական ընտրություններին: Նրանց մեծ մասը «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում է, իսկ ամենաքիչը՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում։
Լուսանկարը՝ արխիվային
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter