Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար

Դատախազությունը միջնորդություններ է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դ.Ղ.-ի (Դավիթ Ղազինյան-խմբ․) նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով, Armenia Today-ին հայտնել են դատախազությունից։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար։ՀԿԿ-ն դաշինքի Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակի պատասխանատուներին և Դ. Ղ.-ին մեղադրում է ընտրողներին ընտրակաշառք խոստանալու մեջ:

Այսօր ավելի վաղ ՀԿԿ-ն հայտնել էր, որ ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնված վարույթներով՝ ձերբակալվել է 194 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 209 անձի նկատմամբ, 84 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոցներ են ընտրվել կալանքը և տնային կալանքը, իսկ 85-ի նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ, 12 վարույթով նախաքննությունը 45 անձի վերաբերյալ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ:

Հունիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի ձերբակալման որոշման մասին։

Մարտի 30-ից իրավապահ մարմինները հրապարակում են նյութեր, որոնցում դաշինքի ներկայացուցիչները մեղադրվում են բարեգործության մասին օրենքը խախտելու, կաշառք տալու և խոստանալու մեջ։ Քաղաքական ուժի ներկայացուցչի խոսքով՝ ձերբակալվածների և բերման ենթարկվածների թիվը գերազանցել է 300-ը։ Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ գործերի մեծ մասը դատարաններում չեն հաստատվում և օգտագործվում են որպես ընտրություններից առաջ ճնշման գործիք։

«Ուժեղ Հայաստան» դաշինքում հերքում են մեղադրանքները՝ կատարվածն անվանելով քաղաքական հալածանք։ Դաշինքում հայտարարում են, որ գործում են օրենքի շրջանակներում և ընտրակաշառք չեն կիրառում։

Կարդացեք նաև՝

Սև PR ու Պանդորայի արկղ․ Հակոբյանը կանխատեսել է ընտրարշավի ամենաթեժ փուլը

Ընտրողը փնտրում է «ուժեղ ձեռք», որը թույլ չի տա ՀՀ-ի խաթրին կպնել․ Աթանեսյան

Leave a Comment