Խաղաղության «երաշխավորների փնտրտուքը» աշխարհաքաղաքական թակարդ է Հայաստանի համար

Խաղաղության «երաշխավորների փնտրտուքը» աշխարհաքաղաքական թակարդ է Հայաստանի համար

Ռուսական պրոքսի ուժերը՝ «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան»-ը և «Ուժեղ Հայաստան»-ը, նախընտրական լեյտմոտիվ են դարձրել այն թեզը, ըստ որի՝ Ադրբեջանի հետ խաղաղության նախաստորագրված պայմանագիրը կարելի է ստորագրել միայն «միջազգային երաշխավորների ինստիտուտի» ներդրմամբ։ Այս թեզը լավ է հնչում հանրահավաքների հրապարակներից։ Սակայն աշխարհաքաղաքական սառը հաշվարկը ցույց է տալիս, որ Կրեմլի կուլուարներում մշակված այս թեզ-պահանջն իրականում ուղղված է վերջնականապես կոտրելու Հայաստանի սուբյեկտայնության ողնաշարը։

Դիվանագիտական «բումերանգ». Բաքվի կոմբինացիոն հնարքը

Պատկերացնենք իրավիճակ, երբ պրոռուսական կոհորտան հաղթել է ընտրություններում, և հայաստանյան նոր վարչակազմը, գործելով նախաստորագրված պայմանագիրը վերաբանակցելու իր մոտեցմանը հավատարիմ, սեղանին է դնում կոշտ վերջնագիր. «Մենք կստորագրենք թուղթը, եթե դրա տակ լինեն Ռուսաստանի և Իրանի, թեկուզ նաև ԱՄՆ-ի ու ԵՄ-ի՝ խաղաղությունը երաշխավորող ստորագրությունները»։ Ադրբեջանական կողմն ունենալու է գործելու երեք տարբերակ։

Առաջին՝ մերժել այս առաջարկը։ Նման դեպքում Հայաստանը կամ ստիպված է լինելու համակերպվել այդ փաստի հետ և գնալ նախաստորագրված պայմանագրի ստորագրմանը՝ առանց երաշխավորների (այսինքն՝ խաբել հայ հանրությանը «երաշխավոր բերելու» հարցում), կամ՝ հրաժարվել ստորագրել այդ պայմանագիրը, ինչը լեգիտիմ հիմք կտա Ադրբեջանին՝ Հայաստանին մեղադրելու խաղաղությունը վիժեցնելու մեջ՝ դրանից բխող բոլոր սպառնալիքներով հանդերձ։

Երկրորդ՝ Ադրբեջանը կարող է չմերժել։ Իլհամ Ալիևը պարզապես կժպտա և կասի. «Հիանալի է, մենք համաձայն ենք տարածաշրջանային հավասարակշռությանը։ Բայց փոխադարձության սկզբունքով՝ մեր կողմից էլ որպես անվտանգության երաշխավոր ներգրավվում է Թուրքիան»։ Հայաստանը հայտնվում է դասական շախմատային ցուգցվանգի առջև։ Համաձայնել Թուրքիայի ներգրավմանը, նշանակում է դե յուրե և կամավոր ճանաչել Անկարայի՝ Հարավային Կովկասում անվտանգության օրինական երաշխավոր լինելու իրավունքը։ Բացի այն, որ դրանով կպայթեցնեն իրենց ուժեղ հակաթուրքականության միֆը, նաև պատմական և ռազմավարական ահռելի ռիսկ կստեղծեն Հայաստանի համար։ Իսկ մերժել Բաքվի այդ պայմանը, նշանակում է կրկին Բաքվին տալ լեգիտիմ իրավունք՝ Հայաստանին մեղադրելու խաղաղության գործընթացը տապալելու մեջ։

Երրորդ տարբերակն այն է, որ Հայաստանը համաձայնում է Թուրքիայի ներգրավմանը՝ այդ կերպ միջանցք ստեղծելով գործընթացում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի սողոսկման համար։ Ի՞նչ է դա նշանակում։

TRIPP-ի փլուզումը և ԱՄՆ-ի «ձեռքերը լվանալը»

Վաշինգտոնը (Թրամփի վարչակազմը) ենթակառուցվածքային նախագիծը՝ TRIPP-ը, դիտարկում է որպես ռազմավարական զենք։ ԱՄՆ-ի համար դրա ողջ իմաստը Ռուսաստանին ու Իրանին շրջանցելն ու թուլացնելն է, Չինաստանից եկող առևտրային շղթաները վերահսկելը և տարածաշրջանն Արևմուտքին կապելը։

Եթե Հայաստանի ներքին քաղաքական սայթաքումների կամ ռուսական պրոքսի ուժերի այս կոմբինացիայի արդյունքում պայմանագրի և ճանապարհների դե յուրե երաշխավորներ դառնան Ռուսաստանն ու Թուրքիան, Ամերիկան կորցնում է իր ռազմավարական մոտիվացիան։ Ինչո՞ւ պետք է Վաշինգտոնը քաղաքական կապիտալ կամ միլիարդավոր դոլարներ ներդնի մի նախագծում, որի իրավական հովանավորությունն ու վերահսկողությունն անցնում են իր աշխարհաքաղաքական հակառակորդներին։ Թրամփի «Ամերիկան առաջին հերթին» (America First) սկզբունքը կգործի անխնա. եթե գործարքն այլևս ձեռնտու չէ ԱՄՆ-ին, նրանք պարզապես «ձեռքերը կլվանան» և դուրս կգան գործընթացից։

Ռուսաստանի համար այս գործընթացում երաշխավորի կարգավիճակ ստանձնելը ոչ թե պատասխանատվություն է, այլ Արևմուտքի կառուցած խաղատախտակը ներսից պայթեցնելու լեգիտիմ գործիք։ Մոսկվան առաջին իսկ օրվանից սահմանային ցանկացած միջադեպ կամ տարընթերցում օգտագործելու է գործընթացը կաթվածահար անելու համար։ Նրանց գլխավոր նպատակն է լինելու Սյունիքով անցնող հաղորդակցության ուղիների նկատմամբ հաստատել սեփական ֆիզիկական վերահսկողությունը (օրինակ՝ ռուսական ԱԴԾ սահմանապահների միջոցով և գործընթացը վերադարձնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ուղեծիր)։ Այդպիսով, Մոսկվան TRIPP նախագիծը ամերիկյան հակառուսական զենքից կվերածի իր սեփական «Հյուսիս-Հարավ» (Ռուսաստան-Իրան-Հնդկաստան) առանցքի լոգիստիկ կցորդի՝ Վաշինգտոնին աստիճանաբար զրկելով օպերատիվ կառավարման հնարավորությունից և նրան դուրս մղելով տարածաշրջանից։

Թուրքիան, իր հերթին, այս սխեմայում գործելու է Մոսկվայի հետ դասական «մրցակցային գործընկերության» կանոններով, որոնց մեխանիզմները հղկվել են Սիրիայում և Լիբիայում։ Անկարայի ռազմավարական հաշվարկը պարզ է. թույլ չտալ, որ Կովկասում հայտնվեն արևմտյան կամ չեզոք միջազգային խաղացողներ, որոնք կարող են իրավական կամ ռազմական արգելակներ դնել թուրք-ադրբեջանական տանդեմի հեռահար պլանների վրա։ Դառնալով դե յուրե երաշխավոր՝ Թուրքիան Ռուսաստանի հետ կկիսի ազդեցության գոտիները՝ Մոսկվային առաջարկելով այսպես կոչված «տարածաշրջանային էքսկլյուզիվության» բանաձևը, որտեղ հարցերը լուծվում են առանց Վաշինգտոնի կամ Բրյուսելի։ Սա Անկարային հնարավորություն կտա Հայաստանը վերջնականապես զրկել արևմտյան անվտանգային այլընտրանքներից՝ նրան դնելով ռուս-թուրքական աշխարհաքաղաքական առևտրի մշտական «համեղ պատառի» դերում։

Իսկ Թեհրանի համար արևմտյան հակակշռի բացակայությունն ու ռուս-թուրքական տանդեմի դե յուրե գերիշխանությունը կստեղծեն բարդ, երկակի իրողություն։ Մի կողմից՝ Իրանը խիստ վերապահումներ ունի TRIPP նախագծի հանդեպ, քանի որ այն դիտարկում է որպես իրեն տնտեսապես մեկուսացնող արևմտյան օղակ, և նրա գերակա շահն է՝ տեսնել ԱՄՆ-ի լիակատար հեռացումն իր հյուսիսային սահմաններից։ Մյուս կողմից՝ չունենալով բավարար ռեսուրսներ միայնակ հակադրվելու Մոսկվայի, Անկարայի և Բաքվի համատեղ առանցքին, Թեհրանը ստիպված կլինի ընտրել պասիվ դիտորդի դերը։ Նա կլռի և կհամակերպվի Սյունիքով անցնող միջանցքի գոյության հետ, եթե Ռուսաստանն ու Թուրքիան նրան երաշխավորեն, որ այդ ճանապարհը չի վերածվի արևմտյան ռազմաքաղաքական հենակետի։ Դա արդյունքում «Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան» եռանկյունու գործարքով կվերականգնի Հայաստանի պատանդառու «3+3» ձևաչափը։ Հայաստանի կենսական շահերը՝ սահմանների անվտանգությունը, մաքսային հսկողությունը և ինքնիշխանությունը, պարզապես կվերածվեն «մանրադրամի»։

«Թղթե երաշխավորների» դառը փորձը

Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորող Բուդապեշտի հուշագրի, ինչպես նաև ՀՀ-ՌԴ երկկողմ դաշնակցային պայմանագրային պարտավորությունների փլուզման դառը փորձերն արդեն իսկ ապացուցել են, որ միջազգային հարաբերություններում ավելի մեծ սուտ, քան թղթե երաշխավորների ինստիտուտն է, չկա, եթե չկա հակամարտելու փոխարեն համագործակցելու շահութաբեր պլատֆորմ։ Հայաստանի միակ իրական երաշխավորը կարող է լինել սեփական ռազմական դիմադրողականության բարձրացումը և սեփական նախաձեռնությամբ ձևավորված, դիվերսիֆիկացված անվտանգային բազմաշերտ գործընկերությունները։

Գոռ Աբրահամյան

Leave a Comment