Կա՛մ երկկողմ համաձայնագիր, կա՛մ կոշտ մեթոդներ․ Թրամփը՝ Իրանի մասին – armeniatoday.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է մոտ ժամանակում ավարտին հասցնել Իրանի հետ կապված գործողությունները՝ կա՛մ երկկողմ համաձայնագրի միջոցով, կա՛մ ավելի կոշտ մեթոդներով։

«Մենք հասել ենք այն կետին, երբ շատ շուտով պետք է ավարտենք Իրանի հարցը, և դա կլինի շատ վճռական քայլ։ Այս կամ այն կերպ՝ լինի դա թղթի վրա ստորագրված համաձայնագրով, թե ավելի կոշտ մեթոդներով»,- ասել է նա Վիսկոնսին նահանգի Չիպևա Ֆոլս քաղաքում գյուղատնտեսությանը նվիրված կլոր սեղանի ընթացքում։

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն «արագ առաջընթաց է գրանցում» Թեհրանի հետ հակամարտության կարգավորման հարցում։ Նա պատասխանել է հարցին, թե ինչո՞ւ հակառակ իր խոստումներին՝ Միացյալ Նահանգները չկարողացավ Իրանի հետ կնքել բարենպաստ միջուկային համաձայնագիր ։

«Դրա համար տարիներ են պահանջվում։ Ես շատ արագ եմ առաջ շարժվում»,- պատասխանել է Թրամփը։

Նա նաև համեմատություն է անցկացրել Վիետնամի պատերազմի հետ՝ նշելով. «Վիետնամի պատերազմն ԱՄՆ-ի համար տևեց 19 տարի, իսկ իմ դեպքում սա տևում է ընդամենը 3 ամիս»։

ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին։ Մայիսի 28-ին Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները պատրաստել են փոխըմբռնման հուշագրի նախագիծ, որը նախատեսում է զինված հակամարտության ավարտ և միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ։ Համաձայնագրի նախագծով նախատեսվում է հրադադարի երկարաձգում, Հորմուզի նեղուցի վերաբացում և հետագա բանակցությունների շարունակություն։

 

Leave a Comment