ՌԴ Բարձրագույն տնտեսագիտական դպրոցի (ՎՇԷ) Համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի Եվրոպական և միջազգային համալիր հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Մոսկվայի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված տնտեսական սահմանափակումներին, «Ուժեղ Հայաստան» դաշինքի հնարավոր հեռացմանը խորհրդարանական ընտրություններից Ռուսաստանի արձագանքին, ինչպես նաև Ռուսաստանի հարաբերություններին ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Թուրքիայի հետ։
«Ռուսաստանում տարբերակում են Հայաստանը և հայ ժողովրդին՝ մի կողմից, և Հայաստանի ներկայիս ղեկավարությանը՝ Փաշինյանի կառավարությանը՝ մյուս կողմից։ Վերջինս ռազմավարական որոշում է ընդունել անցնելու Ռուսաստանի հակառակորդի կողմը։ Խոսքը այն ուժի մասին է, որը Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում Ուկրաինայի միջոցով և պատրաստվում է նաև բաց ռազմական առճակատման։
Միևնույն ժամանակ, Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կարծում է, թե կկարողանա վերահսկել այդ վերակողմնորոշման գործընթացը՝ այն դարձնելով հնարավորինս մեղմ, հարմարավետ և անվտանգ հենց իր համար։ Այսինքն՝ պահպանել ռուսական ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում, շարունակել անդամակցել ԵԱՏՄ-ին և օգտվել դրա բոլոր առավելություններից այնքան ժամանակ, մինչև Եվրամիությունը որոշի արագացնել Հայաստանի ինտեգրումը եվրոպական կառույցներին։
Եվ երբ այդ պահը գա, հայկական իշխանությունները որոշումներ կընդունեն Գյումրիում ռուսական ռազմաբազայի փակման, ՀԱՊԿ-ից վերջնական և պաշտոնական դուրս գալու, Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու և, հավանաբար, ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու վերաբերյալ։
Բայց Ռուսաստանը, բնականաբար, այս խաղի մեջ չի մտնի։ Ռուսաստանը թույլ չի տա, որ Հայաստանը վերահսկի և ղեկավարի ռուս-հայկական հարաբերությունների աստիճանական թուլացման գործընթացը։ Եթե Հայաստանը որոշում է ընդունում վերակողմնորոշվել դեպի Եվրամիություն և ինտեգրվել ԵՄ-ին, ինչը հայտարարվել է անցյալ տարի Հայաստանի խորհրդարանի ընդունած օրենքով, ապա Ռուսաստանի տեսանկյունից դրա հետևանքները պետք է սկսվեն անմիջապես։ Այսինքն՝ Հայաստանը պետք է դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից և զրկվի այն բոլոր առավելություններից, որոնք ստանում է ռուսական շուկային, այդ թվում՝ աշխատաշուկային, ինչպես նաև ԵԱՏՄ մյուս երկրների շուկաներին հասանելիության միջոցով։
Հենց այդ պատճառով Ռուսաստանը կոչ է անում հնարավորինս շուտ անցկացնել հանրաքվե, որի արդյունքում պարզ կդառնա, թե ուր է գնում Հայաստանը և ինչ է ցանկանում հայ ժողովուրդը։ Եթե ժողովուրդը ցանկանում է ինտեգրվել ԵՄ-ին, ապա դրա հետևանքները պետք է լինեն անհապաղ։ Եթե չի ցանկանում և նախընտրում է մնալ ԵԱՏՄ շրջանակներում, ապա հետևանքները պետք է կրեն Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը, քանի որ դա կդառնա նրանց վարած քաղաքականության գնահատականը։
Իսկ եթե հետագայում սկսվեն նաև Հայաստանի և Եվրամիության միջև անվտանգության կամ ռազմական համագործակցության տարրեր, իսկ մենք տեսնում ենք, որ ԵՄ-ն արագորեն ուժեղացնում է իր ռազմական բաղադրիչը և փաստացի վերածվում է ռազմական բլոկի, ապա եթե Հայաստանը այդ ոլորտում ևս մոտենա Եվրամիությանը՝ ստեղծելով անվտանգության սպառնալիք Ռուսաստանի համար, ապա, հավանաբար, կկայացվեն նաև այլ որոշումներ»,– ասել է Սուսլովը։
Նրա խոսքով՝ եթե «Ուժեղ Հայաստան» դաշինքը հեռացվի խորհրդարանական ընտրություններից, ապա չի բացառվում, որ Ռուսաստանը հայտարարի ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին։
«Սա ժողովրդավարական նորմերի կոպիտ խախտում է։ Անհնար է խոսել ազատ և ժողովրդավարական ընտրությունների մասին, եթե քվեարկությունից երկու օր առաջ ընտրապայքարից հեռացվում է հանրաճանաչ ընդդիմադիր ուժերից մեկը։ Կարծում եմ, եթե այդ հեռացումը տեղի ունենա, Ռուսաստանը կարող է հայտարարել ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Ավելին, հնարավոր է, որ հետևանքներն անգամ արագանան, և Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ձեռնարկած քայլերը ստանան ավելի կոշտ քաղաքական և դիվանագիտական բնույթ՝ ի հավելումն տնտեսական սահմանափակումների։
Իհարկե, արդեն իսկ այս հարցի քննարկումը վկայում է հայկական քաղաքական գործընթացի «մոլդովականացման» մասին։ Տպավորություն է ստեղծվում, թե կիրառվում է նույն մեթոդաբանությունը, որը Եվրամիությունը մշակել է հետխորհրդային այն երկրների ղեկավարների համար, որոնք կողմնորոշվում են դեպի Եվրոպա և դառնում Ռուսաստանի դեմ տարվող պայքարի գործիքներ։ Նույնը տեղի ունեցավ Մոլդովայում։
Սա ցույց է տալիս, որ Հայաստանի ներկայիս կառավարությունն արդեն վերածվել է Եվրամիության և եվրոպական բյուրոկրատիայի քաղաքականության իրականացման գործիքի։ Դա նշանակում է, որ հայկական ղեկավարությունը փաստացի ներգրավվում է Ռուսաստանի դեմ պայքարում։
Մենք տեսնում ենք, որ սա ոչ մի կապ չունի ժողովրդավարության հետ։ Մենք տեսնում ենք, որ Եվրամիությունը շահագրգռված է Փաշինյանի վերարտադրության ապահովմամբ ցանկացած գնով՝ նույնիսկ ամենաանտիդեմոկրատական և ռեպրեսիվ մեթոդներով, որպեսզի Հայաստանը օգտագործի որպես գործիք Ռուսաստանի դեմ։
Հենց այդ պատճառով Ռուսաստանը հայտարարում է, որ այս ընտրությունները կարող են ճակատագրական լինել Հայաստանի համար։ Խոսքը միայն արտաքին քաղաքական կողմնորոշման մասին չէ։ Ընդհանուր առմամբ, վտանգված են Հայաստանի ինքնիշխանությունն ու պետականությունը։
Եթե Կարապետյանի կուսակցությունը իսկապես հեռացվի ընտրապայքարից քվեարկությունից երկու օր առաջ, ապա մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանը չի ճանաչի ընտրությունների արդյունքները։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Մոսկվա։ Ռուսաստանի տեսանկյունից նա կդառնա իշխանությունը յուրացրած, վարչապետի պաշտոնը ապօրինի զբաղեցնող անձ, և նրա հետ ոչ ոք չի բանակցի ու ոչ մի հարց չի լուծի։ Դա կբացառի նրա հետ հետագա երկխոսությունը որպես Հայաստանի վարչապետ»,– նշել է Սուսլովը։
Փորձագետի խոսքով՝ ռուսական և ԵԱՏՄ երկրների շուկաներից զրկվելու դեպքում Հայաստանը կարող է հայտնվել չափազանց բարդ տնտեսական իրավիճակում։
«Ինչ վերաբերում է Եվրոպային և նրա կարողությանը՝ փոխհատուցելու հնարավոր կորուստները, նայեք Վրաստանին։ Ո՞վ է այսօր նրա գլխավոր առևտրատնտեսական գործընկերը։ Արժե ուշադիր ուսումնասիրել այդ փորձն ու դրա հետևանքները։
Այսօր էլ Ռուսաստանը մնում է Վրաստանի հիմնական տնտեսական գործընկերը։ Մենք տեսնում ենք, որ նույնիսկ Ուկրաինային Եվրոպան օգնում է նախևառաջ այն նպատակով, որպեսզի նա շարունակի դիմադրությունը։ Այնտեղ տնտեսական բարգավաճման մասին խոսք չկա։ Գումարները հիմնականում ուղղվում են ռազմական նպատակներին։
Բնականաբար, Եվրոպան չի կարող լիարժեք փոխհատուցել հնարավոր կորուստները և չի կարող առաջարկել ռուսական շուկային համարժեք այլընտրանք։ Եվրամիությունն ունի սեփական գյուղատնտեսությունը, սեփական ծիրանը, կեռասը, հանքային ջուրը և միսը։ Եվրոպական գյուղատնտեսական շուկան աշխարհում ամենապաշտպանված և ամենապրոտեկցիոնիստական շուկաներից մեկն է։
Հետևաբար, եթե Հայաստանը կորցնի ռուսական և ԵԱՏՄ երկրների շուկաները, ապա վտանգ կա, որ կարող է մնալ գրեթե առանց այլընտրանքի»,– ասել է Սուսլովը։
Սուսլովի գնահատմամբ՝ Երևանի մերձեցումը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև TRIPP նախագծի առաջմղումը խնդիրներ են ստեղծում Ռուսաստանի և Իրանի համար և կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ հենց Հայաստանի համար։
«Ինչ վերաբերում է Բրյուսելի գործողություններին, ապա Մոսկվայում դրանք բնութագրում են մեկ բառով՝ պատերազմ։ Եվրամիությունը պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ՝ օգտագործելով Ուկրաինային, Մոլդովային և, ցավոք, ավելի ու ավելի մեծ չափով նաև Հայաստանին։
Սա Ռուսաստանի դեմ պայքարի մի մասն է, որի միակ նպատակը Ռուսաստանը հյուծելն ու վերջնական հաշվով նրան ռազմավարական պարտության մատնելն է։ Եվ մոտ ապագայում եվրոպական էլիտաները չեն հրաժարվի այս ճանապարհից։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա Մոսկվայում հետխորհրդային տարածքում ԱՄՆ քաղաքականության նկատմամբ որևէ պատրանք չունեն։ Սա վերաբերում է թե՛ Ուկրաինային, թե՛ Հարավային Կովկասին և մասնավորապես Հայաստանին։
Ռուսաստանի տեսանկյունից շատ բան պարզ դարձավ դեռ անցյալ տարի Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Վաշինգտոն այցերի ժամանակ, երբ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրվեցին կարգավորման և TRIPP նախագծին առնչվող փաստաթղթեր։
Այնուհետև տարածաշրջան այցելեցին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ով Հայաստանում ստորագրեց լրացուցիչ փաստաթղթեր այդ նախագծի իրականացման վերաբերյալ։
ԱՄՆ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ շարունակում է մնալ ոչ բարեկամական։ Բայդենի և Թրամփի վարչակազմերի միջև հիմնական տարբերությունն այն է, որ Թրամփի վարչակազմը միաժամանակ վարում է ոչ բարեկամական քաղաքականություն և երկխոսություն պահպանում Ռուսաստանի հետ, իսկ հետխորհրդային տարածքը նրա համար ավելի ցածր առաջնահերթություն ունի, քան Մերձավոր Արևելքը, Չինաստանը և մի շարք այլ ուղղություններ։
Սակայն քաղաքականության էությունը մնում է նույնը՝ ոչ բարեկամական։ Ռուսաստանը դա չի թաքցնում։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը հասկանում է, որ մեծ տերությունները պետք է հաղորդակցվեն միմյանց հետ, ուստի շարունակում է երկխոսությունը Թրամփի վարչակազմի հետ՝ գիտակցելով, որ խոսում է մրցակցի հետ»,– նշել է Սուսլովը։
Նրա խոսքով՝ երբ Հայաստանի հակառակորդներ համարվող Ադրբեջանն ու Թուրքիան շահագրգռված են Փաշինյանի հաղթանակով, դա մտածելու առիթ է։
«Հայկական պետականության, ինքնուրույնության և անվտանգության կողքին կանգնած են Ռուսաստանն ու Իրանը։ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, զարգացնելով հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ և առաջ մղելով TRIPP նախագիծը, խնդիրներ է ստեղծում հենց Ռուսաստանի և Իրանի համար, և երկու երկրներն էլ դժգոհ են դրանից։
Թուրքիայի քաղաքականությունը նույնպես ոչ բարեկամական է թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի նկատմամբ։ Թուրքիան շահագրգռված է, որպեսզի առաջիկա ընտրություններում հաղթի Փաշինյանը։ Նույն կերպ, Ադրբեջանի շահերից էլ է բխում Փաշինյանի հաղթանակը։
Երբ քո հակառակորդը շահագրգռված է որոշակի թեկնածուի հաղթանակով, կարծում եմ՝ դա լուրջ մտածելու առիթ է։
Իսկապես, արտաքին ուժերի՝ թե՛ գլոբալ, թե՛ տարածաշրջանային, մրցակցությունը Հարավային Կովկասի համար կտրուկ սրվել է։ Դա բնական է այն պայմաններում, երբ Արևմուտքը պարտվում է գլոբալ մրցակցությունում և փորձում է իրավիճակը փոխել Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու և նրան ռազմավարական պարտության մատնելու միջոցով։
Այս արտաքին պայքարի պայմաններում տարածաշրջանի երկրների համար լավագույն ռազմավարությունը կլիներ խուսափել կտրուկ քայլերից։ Սակայն, իմ կարծիքով, Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կատարում է 180 աստիճան շրջադարձ, և դա կարող է չափազանց վտանգավոր լինել»,– եզրափակել է Սուսլովը։