Պատերազմի եռագլուխ կուսակցությունը և նրանց պոչերը չպետք է մտնեն խորհրդարան․ ՀՀ վարչապետ

Պատերազմի եռագլուխ կուսակցությունը և նրանց պոչերը չպետք է մտնեն խորհրդարան․ ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի շրջանակներում կայացած ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը և նրանց պոչերը» հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով չպետք է մտնեն խորհրդարան։

«Սա ՀՀ ժողովրդի արժանապատվության հարցն է, որովհետև այն քաղաքական ուժերը, այն լրտեսական ցանցերը, որ մտածում են՝ կարող են գնել հայ ժողովրդին, անվանարկել նրանց, համեմատել ծախու արարածների հետ, այդ ուժերը պետք է ծնկի բերվեն քվեարկության արդյունքներով»,- ասել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ ժողովուրդն արդեն հստակ ձևակերպել է իր ուղերձը, և ընտրություններից հետո Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի և կանգնի դատարանի առաջ։

«Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի և կանգնի դատարանի առաջ մարտի 1-ի ոճրագործության համար։ Մարտի 1-ի ոճրագործները պետք է երկար տարիներ անցկացնեն բանտում»,- հայտարարել է նա։

Վարչապետը նշել է նաև, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Քոչարյանից և նրա ընտանիքից պահանջում է ավելի քան 200 մլն դոլարի ապօրինի գույք և դրամական միջոցներ։

«Դատական համակարգն այդ թալանածը պետք է վերադարձնի ՀՀ ժողովրդին և պետությանը»,- ասել է Փաշինյանը։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանին՝ վարչապետը հայտարարել է, որ վերջինս «զորամասերի վրա ավել հոսանք գրելով թալանել է բանակը», ինչպես նաև «իր տոհմի բոլոր արու զավակներին փախցրել է բանակից»։

«Պետք է ենթարկվի խստագույն պատասխանատվության։ Պետք է պատասխանատվության ենթարկվի 300 000 ադրբեջանցիների մասին կեղծ լրտեսական օրակարգը ՀՀ ներքաղաքական կյանք ներմուծելու համար։ ՀԷՑ-ը պետական է և այլևս լինելու է միայն պետական»,- ասել է նա։

Փաշինյանն անդրադարձել է նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ նշելով, որ դատախազությունը նրանից պահանջում է բռնագանձել ավելի քան 300 մլն դոլարի ապօրինի ձեռք բերված գույք։

«Ժողովրդից թալանածը դատական համակարգն օր առաջ պետք է վերադարձնի պետությանը և ժողովրդին։ Ծառուկյանը և նրա սանձարձակ համախոհները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության»,- հայտարարել է վարչապետը։

Խոսելով դատական համակարգի մասին՝ Փաշինյանն ասել է, որ «Հայաստանում շարունակաբար գործող դատաիրավական մաֆիան կոնկրետ խաղում է ժողովրդի ներվերի հետ»։

Նրա խոսքով՝ թեև ինքը կարևորում է անկախ դատական համակարգի գոյությունը, սակայն Հայաստանում դեռևս չի հաջողվել այնպես անել, որ արդարադատությունը լինի «տեսանելի, հասկանալի և ընդունելի ժողովրդին»։

«Դրա առանցքային պատճառներից մեկը ՀՀ-ում ժողովրդի կողմից չընդունված Սահմանադրությունն է, որը մի քանի պատյանի տակ պաշտպանության տակ են առնում մաֆիաները։ Եկել է այդ մաֆիայի վերջին երեք գլուխները հատելու ժամանակը»,- եզրափակել է Փաշինյանը։

Leave a Comment