Խաղաղությունը կա, այն ունի ծննդյան վկայական. Միրզոյան

Խաղաղությունը կա, այն ունի ծննդյան վկայական. Միրզոյան

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի համար խաղաղությունն արդեն ոչ թե գաղափար է, այլ փաստաթղթավորված իրականություն, որն իր հետ բերել է նոր հնարավորություններ։

Նրա խոսքով՝ խաղաղությունն ունի իր «ծննդյան վկայականը» և ամրագրված է համապատասխան փաստաթղթերով՝ Հայաստանին ընձեռելով ապաշրջափակման և լոգիստիկ զարգացման հնարավորություններ։

Միրզոյանը նշել է, որ «ԹՐԻՓՓ»-ն արդեն միջպետական մակարդակով կնքված համաձայնագիր է, որի արդյունքում Հայաստանը, նրա ձևակերպմամբ, «փակուղուց և կույր աղիքից» վերածվում է «Խաղաղության խաչմերուկի» և տարածաշրջանային իրական կամրջի։

ԱԳ նախարարը նաև անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին՝ քննադատելով այն ուժերին, որոնք, ըստ նրա, ձգտել են ձախողել երկրի առաջընթացը։

«Բորենիների ոհմակն ամեն ինչ արել է, որ մենք ձախողենք և ատամները սրած սպասել է, որ մեր ընկնելու պահին հոշոտի մեր ժողովրդավարությունը, ազատությունը, պետությունն ու պետականությունը»,- հայտարարել է նա։

Միրզոյանի խոսքով՝ այդ ուժերը փորձում են «վերջին կռիվը» տալ, սակայն դրա արդյունքը կանխորոշված է, քանի որ Հայաստանի քաղաքացիները գիտակցում են ինքնիշխանության և ազատության արժեքը։

«Ձեզանից յուրաքանչյուրն անհատապես, իր մեջ խորապես գիտակցելով բոլոր հալածանքները, տարիներ առաջ որոշել է, որ չի հանձնելու Հայաստանը, մեր ինքնիշխանությունը և մեր ազատությունը»,- ընդգծել է Արտաքին գործերի նախարարը։

Leave a Comment