Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի շրջանակներում կայացած ամփոփիչ հանրահավաքի ժամանակ կոչ է արել քաղաքացիներին աջակցություն չցուցաբերել այն ուժերին, որոնք, իր բնորոշմամբ, կապված են «գործակալական ցանցի» հետ։
«Ոչ մի քվե գործակալական ցանցի մաս կազմող եռագլխին և նրանց բացահայտված պոչին։ Մենք միասին պիտի մաքրենք մեր քաղաքական դաշտը դրանցից մեկընդմիշտ»,- նշել է նա։
Պապիկյանն անդրադարձել է նաև Հայաստանի զինված ուժերի սպառազինման գործընթացին՝ ընդգծելով, որ գործող իշխանությունների օրոք ձեռքբերված ռազմական տեխնիկան և սպառազինությունը զգալիորեն գերազանցում են նախորդ տարիների ցուցանիշները։
Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած թիմը միջազգային շուկաներից 5,4 անգամ ավելի սպառազինություն և ռազմական տեխնիկա է ձեռք բերել, քան 1998-2018 թվականներին Հայաստանի երկու նախկին նախագահների կառավարման ամբողջ ժամանակահատվածում։
Նախարարը շեշտել է, որ պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը միտված են երկրի պաշտպանունակության ամրապնդմանը և զինված ուժերի արդիականացմանը։
