ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ուսումնասիրվում և ներկայում ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում՝ նախորդ տարիներին կատարված և մինչ օրս չբացահայտված, հասարակական հնչեղություն ունեցող աղմկահարույց սպանությունների վերաբերյալ մի շարք քրեական վարույթներով, որոնց շրջանակում վեր է հանվել և վերլուծության ենթարկվել առկա ապացուցողական զանգվածը, կազմվել և մշակվել է քննչական և վարութային գործողությունների կատարման պլան, առաջ են քաշվել և ստուգվել մի շարք վարկածներ՝ նպատակ հետապնդելով բացահայտելու նախորդ տարիներին կատարված սպանության դեպքերը, որոնց հանգուցալուծմանը հանրությունը սպասել է տարիներ շարունակ։
Դեպքից 27 տարի անց՝ ՀԿԳ քննիչի կողմից բարձր մասնագիտական գիտելիքների համադրմամբ կատարված պլանավորված, համակողմանի ապացուցողական և վարութային այլ գործողությունների, այդ թվում՝ դիակի արտաշիրիմման և նոր դատաբժշկական փորձաքննության արդյունքում ստացված եզրակացությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Արծրուն Մարգարյանը սպանվել է իր թիկնապահ Ա.Խ․-ի կողմից արձակված հրազենային կրակոցների հետևանքով:
