Հայաստանը կրկնում է Ուկրաինայի 2013-2014 թվականների փորձը. ՌԴ ԱԽ – armeniatoday.am

ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, որ Հայաստանն այսօր փաստացի կրկնում է այն ուղին, որով անցնում էր Ուկրաինան 2013-2014 թվականներին։

«Եվ այստեղ պետք է լրջորեն մտորել, որպեսզի չպատահի այն, ինչ պատահեց Ուկրաինայում», – Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ասել է նա «Վեստի»-ին:

Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ՝ Երևանի կողմից ՀԱՊԿ գործունեության քննադատության և Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված հայկական իշխանությունների կուրսի ֆոնին։ Վերջին ամիսներին Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության և ԵՄ-ին ինտեգրման համատեղումը կարող է անհնարին լինել՝ երկու միավորումների տնտեսական և մաքսային կանոնների տարբերությունների պատճառով։

Մայիսի 29-ին ԵԱՏՄ երկրների առաջնորդները Հայաստանին կոչ են արել եվրաինտեգրման հարցով հանրաքվե անցկացնել։ Ռուս պաշտոնյաները նաև նախազգուշացրել են Հայաստանին՝ Եվրոպական միություն մտնելու դեպքում մի շարք տնտեսական առավելությունների հնարավոր կորստի մասին: Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է , որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեմայով հանրաքվեն հնարավոր է միայն այն բանից հետո, երբ Երևանը պաշտոնապես կդիմի Եվրոպական միությանը կամ երբ երկիրը կստանա թեկնածուի կարգավիճակ:

2025 թվականի հունվարին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրոպական միությանը երկրի անդամակցության գործընթացը սկսելու մասին օրինագծին:

Leave a Comment