Հայաստանի գյուղերում այսօր հասունանում է ոչ միայն բերքը, այլև մտահոգությունը։ Ջերմոցներում ու այգիներում ամիսների աշխատանքը, ներդրված միջոցներն ու սպասումները հայտնվել են անորոշության ստվերում։ Հայկական գյուղմթերքի արտահանման հիմնական ուղղություններից մեկում՝ ռուսական շուկայում առաջացած սահմանափակումները լուրջ հարված են հասցրել բազմաթիվ տնտեսվարողների։ Լարսի անցակետից վերադարձող բեռնատարներում կուտակված չիրացված ծաղիկն ու ելակը գյուղացիների համար կենսական խնդիր են դարձել։ Քանի դեռ պետական կառույցները բանակցում են լուծումներ գտնելու շուրջ և խոսում նոր շուկաների ու աջակցության ծրագրերի մասին, գյուղերում մարդիկ փորձում են հասկանալ՝ ինչ ճակատագիր է սպասվում իրենց՝ տարիների աշխատանքով ստեղծած տնտեսություններին։
Հայաստանի բազմաթիվ գյուղերում մարդիկ իրենց ընտանիքների բարեկեցությունը կապել են հողի հետ։ Սակայն այսօր նրանցից շատերը կանգնած են անորոշության առաջ՝ մտահոգ իրենց արտադրանքի իրացման և եկամուտների ճակատագրով։ Տարիներով մեծ ներդրումներ են կատարել, սակայն այսօր կանգնած են լուրջ ֆինանսական խնդիրների առաջ։ Արտահանման հիմնական շուկայում՝ ռուսականում, սահմանափակումներ են մտցվել։ Գյուղմթերքով լի բեռնատարները վերադառնում են Լարսի անցակետից ։
Քարամյանների ընտանիքն արդեն ութ տարի ծաղկի մշակությամբ է զբաղվում։ 1200 քառակուսի մետր մակերեսով ջերմոցում աճեցված ծաղիկները տարիներ շարունակ եղել են ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրը։ Սեփական գործից գոհ և ապագայի նկատմամբ վստահ՝ մշտապես զարգացրել են տնտեսությունը։ Բայց հիմա հայկական մի շարք ապրանքների նկատմամբ ռուսական սահմանափակումների պատճառով անորոշության մեջ են հայտնվել։
Արմեն Քարամյան ծաղկաբույծ ֆերմեր․ «Էն ժամանակ լավ էր, հիմա ինչն է լավ։ Դուք ձեր աչքով եք տեսնում, թե ինչ վիճակ է։ 270 կապ տարել դատարկել ենք աղբամանը։ Ամբողջ ջերմոցը քաղելու ծաղիկենր են, բայց քաղենք ինչ անենք։ Տանենք, հետ բերենք»։
Ֆերմերի խոսքով՝ արտադրության ծախսերը շարունակում են աճել, իսկ իրացման շուկաները սահմանափակ են։ Ծաղկաբույծները պատմում են, որ ստիպված են եղել խուզելու և մաքրելու տնկարկները՝ մինչև արտահանման հարցը լուծում ստանա։
«Շատ դժվար է։ Գյուղի մոտ 90 տոկոսը ծաղկագործությամբ է զբաղվում, ու բոլորը նույն վիճակում են»։
Տեղական շուկայում վաճառքներն էլ հուսադրող չեն։ Գյուղացիներն ասում են՝ մեծ քանակությամբ ապրանք են տեղափոխում վաճառքի, սակայն իրացվում է միայն փոքր մասը։
«Մոտ 270 կապ ծաղիկ ենք տարել շուկա, բայց ընդամենը 3000 դրամի վաճառք ենք արել։ Մնացածը հետ ենք բերել։ Մեքենան էլ դեռ բեռնված կանգնած է, չգիտենք ինչ անել»։
Նույնն է պատկերը նաև ելակ մշակողների մոտ։ Ամիսներ շարունակ խնամված բերքն այսօր նրանց համար ոչ թե վստահ եկամտի, այլ մտահոգության աղբյուր է դարձել։ Ասում են՝ եթե իրացման շուկաները նվազեն կամ արտահանման խոչընդոտներ առաջանան, տարիների աշխատանքն ու ներդրումները կարող են վտանգվել։
«Ունենք ելակի այգիներ, թարխուն ունենք, մի շարք պտղատու ծառեր։ Բայց էսօրվա դրությամբ կանգնել ենք երկընտրանքի առաջ ու չգիտենք՝ ինչ ճակատագիր է սպասվում մեր բերքին։ Գյուղացին ապրում է իր ստեղծածով, իր հողի բերքով։ Եթե շուկաները փակվեն կամ արտահանման հետ խնդիրներ առաջանան, մենք չենք պատկերացնում՝ ինչպես պիտի ապրենք»։
Գյուղացիների եկամտի զգալի մասը կախված է արտահանումից և արտաքին շուկաներում ձևավորվող պահանջարկից։ Տնտեսական ցանկացած փոփոխություն այդ ոլորտում անմիջապես ազդում է նրանց վրա։
«Եթե Հայաստանի ու Ռուսաստանի տնտեսական հարաբերություններում խնդիրներ առաջանան, առաջին հարվածը մենք ենք զգալու։ Էդ դեպքում ի՞նչ պիտի անենք մեր ընտանիքները պահելու համար։ Շատերը մտածում են արտագնա աշխատանքի մասին, բայց այսօր այդ ճանապարհն էլ վստահություն չի ներշնչում»։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից «Ռադիոլուրին» հայտնել են, որ սահմանափակումների հարցը հայ-ռուսական քննարկումների օրակարգում է՝ բանակցում են առկա խնդիրները կարգավորելու և փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու շուրջ։ Միևնույն ժամանակ, Հայաստանի կառավարության որոշմամբ գործարկվել է Հայաստանից ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության ծրագիրը,
որի նպատակը արտահանողների համար նոր շուկաների հասանելիության և շուկաների դիվերսիֆիկացման խթանումն է։ Ըստ այդմ՝ 2026 թվականի հունիսին արտահանվող ջերմատնային լոլիկի, պղպեղի, ելակի և ծաղիկների համար փոխհատուցումներ են նախատեսված՝ միջազգային շուկաներում հայկական արտադրանքի մրցունակությունը բարձրացնելու համար։
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյան․ «Ելակի յուրաքանչյուր կիլոգրամի համար կտրամադրվի 770 դրամ, լոլիկի՝ 275 դրամ, պղպեղի՝ 400 դրամ, իսկ ծաղկի յուրաքանչյուր հատի համար՝ 37 դրամ փոխհատուցում»։
Այս ծրագրից կարող են օգտվել ՀՀ ռեզիդենտ համարվող իրավաբանական, ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք ՀՀ տարածքից 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը արտադրանք կարտահանեն։
«Արտահանման դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ ծրագրի շրջանակում հունիս ամսվա ընթացքում կարտահանվի ավելի քան 4250 տոննա բանջարեղեն և ելակ, ինչպես նաև շուրջ 10 միլիոն ծաղիկ։ Աջակցության միջոցառման ժամկետը սահմանված է մեկ ամիս՝ անհրաժեշտության դեպքում վերանայելու սկզբունքով»։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցնում է, որ այս ծրագրին կհաջորդեն աջակցության այլ ծրագրեր՝ մրգերի, գինու, կոնյակի ու հանքային ջրերի արտահանման համար։
Ըստ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ քննարկումներ են ընթանում մի շարք երկրների հետ, որպեսզի որոշ ապրանքների ներմուծման մաքսային արտոնություններ տրամադրեն հայկական ընկերություններին։
«Սա ևս լրացուցիչ աջակցություն կլինի Հայաստանից արտահանում իրականացնող տնտեսավարողների համար»։
Կառավարության մեկ այլ որոշմամբ նախատեսվում է մաքսատուրքերի փոխհատուցման միջոցով խթանել հայկական ծագման ապրանքների արտահանումը դեպի Եվրոպական միություն, Միացյալ Թագավորություն և Կանադա։
Հայ արտահանողների համար աջակցության նոր քայլերի մասին է հայտարարում նաև Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը։ Ըստ դեսպանի՝ շուտով կհայտարարվեն կոնկրետ միջոցառումներ՝ ուղղված հայկական բիզնեսի և արտահանողների աջակցությանը։
«Այսօր ավելի ուշ կարևոր հանդիպումներ կկայանան, հեռախոսազանգեր կլինեն, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, որից հետո մենք կհայտարարենք կոնկրետ լրացուցիչ միջոցառումների մասին Հայաստանին աջակցելու վերաբերյալ»։
Մարագոսը նաև ընդգծում է, որ եվրոպացի գործընկերները ցանկանում են լսել հայ արտահանողների և տնտեսվարողների առաջարկները՝ հասկանալու, թե ինչ գործիքներով կարող են աջակցել նրանց նոր շուկաներ մուտք գործելու և արտահանման աշխարհագրությունն ընդլայնելու գործում։ Նրա խոսքով՝ Եվրամիությունն արդեն իսկ իրականացնում է Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր, իսկ առաջիկայում նախատեսվող լրացուցիչ միջոցառումները կոչված են ամրապնդելու այդ աջակցությունը և նպաստելու շուկաների դիվերսիֆիկացմանը։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը չուշացավ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում նա ասել է, որ ԵՄ–ն պատրաստվում է Հայաստանին ավելի քան 50 մլն եվրո տրամադրել։
«Այսօր ես զրուցեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ վերջերս կիրառված սահմանափակումները։ Սա ոչ այլ ինչ է, քան տնտեսական հարկադրանք, և դա անընդունելի է։ Երկարաձգելով հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները՝ Մոսկվան տնտեսական հարաբերություններն օգտագործում է որպես քաղաքական ճնշման գործիք։ Մենք չափազանց լավ գիտենք այս գործելաոճը։ Հենց այդ պատճառով էլ Եվրոպան հաստատակամորեն աջակցում է Հայաստանին։
Մենք պատրաստում ենք ԵՄ աջակցության միջոցառումների փաթեթ։ Այն ներառում է ավելի քան 50 մլն եվրոյի անհապաղ ֆինանսական օգնություն։ Նախատեսվում են նաև առևտրի դյուրացման միջոցառումներ մի շարք հայկական ապրանքների, մասնավորապես՝ ագրոպարենային ոլորտի արտադրանքի համար»։
Ֆոն դեր Լայենը գրել է, որ ԵՄ-ն կշարունակի ամրապնդել կապերը եվրոպական և հայկական բիզնեսի միջև՝ Երևանում վերջերս կայացած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։
Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունների հետագա առաջխաղացումը կքննարկվի փոխկապակցվածության հարցերով նախարարական հանդիպման ժամանակ՝ հունիսի 23-ին։