Հայաստանի ավելի քան 100-ամյա գլխավոր մարտահրավերը եղել է Ադրբեջանը։ Հաճախ այդ մարտահրավերը ամենօրյա օրակարգի մակերեսին չի եղել՝ ստիպելով, որ Հայաստանի ներքաղաքական բազմապիսի խնդիրները տասնամյակներով գերակայեն դրա նկատմամբ։ Եվ ինքնավստահության ու տղայամտության այդ թմբիրը, դժբախտաբար, Հայաստանին հասցրեց Արցախի ամբողջական կորստին և Հայաստանի՝ որպես պետության կոլապսի սահմանագծին։ Անշուշտ, ներքին խնդիրները բազմաթիվ են, սակայն, 1991թ. ցայսօր դրանցից ոչ մեկն այնքան կարևոր չի եղել, որքան այս մեկը՝ ինչպե՞ս ենք լուծում Ադրբեջանի հետ համակեցության հարցը։
Եռյակի նոստալգիան
Ընտրարշավը ավարտվում է և իշխանության հավակնող ուժերն արդեն իսկ ներկայացրել են իրենց մոտեցումները Ադրբեջանի հարցում։ Դատելով հրապարակային խոսքից, ներկայացված ծրագրերից և բանավեճերից՝ «Ադրբեջան» անունով մարտահրավերին ընդդիմության հիմնական ուժերը առարկայական իմաստով զրոյական պատասխան ունեն։ Լիովին նույնական է Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի ու Ռոբերտ Քոչարյանի մոտեցումը՝ երաշխավորի անհրաժեշտություն, արցախցիների վերադարձի իրավունք՝ երաշխավորներով, «արժանապատիվ» խաղաղություն։ Այս ուժերը մերժում են TRIPP-ը և խոսում Հայաստանի ստանձնած հանձնառությունների փաստացի հրաժարման մասին։ Չկա որևէ բացատրություն՝ ի՞նչ է լինելու Հայաստանի հետ, եթե այս ուժերը տորպեդահարեն խաղաղության գործընթացը։ Ռոբերտ Քոչարյանի սպառնալիքը, թե Ռուսաստանի համբերության բաժակը կսպառվի, դեռ պարզ է, իսկ թե Ադրբեջանի բաժակի հետ ինչ է լինելու, դրա մասին 10 տարի աշխատած մարդը ոչինչ չի ասում։
Կարապետյան-Քոչարյան-Ծառուկյան եռյակի և նրանց ներկայացուցիչների խոսքերը հայելային արտապատկերումով ցույց են տալիս նրանց հավաքական մտածողությունը, որը կա՛մ լռվել-մնացել է 2000-ական թթ., կա՛մ նոստալգիկ ելևէջներով սովորական տղայականություն է։ Չկա որևէ վերլուծություն, թե ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական հարաբերությունները որտեղ են և ինչպես են անդրադառնալու Հայաստանի վրա։ Ամենամեծ խաբեությունը երաշխավորի մասին շուրաբալագանովյան թեզն է։
Միջազգային հարաբերությունների առաջին կուրսի ցանկացած ուսանող գիտի, որ կոնֆլիկտի երաշխավորություն ստանձնում են կոնֆլիկտի բոլոր կողմերի համաձայնության դեպքում։ Ադրբեջանը համաձայնելո՞ւ է երաշխավոր բերելուն։ Իսկ այդ մանիպուլյատորները տեղյա՞կ են, թե երաշխավորի շուրջ անհամաձայնության վրա ինչքան ժամանակ է վատնվել բանակցությունների շրջանում։ Եթե Ադրբեջանին 3 տարի առաջ չէր լինում համոզել, կարո՞ղ են ասել, ինչն է սխալ արվել, և ինչը պետք այս անգամ ճիշտ անել, որ Ալիևը գրկաբաց ընդունի երաշխավորին։ Եթե համոզել չկա, պիտի պարտադրել։ Այդ մեկն ինչպե՞ս է արվելու՝ հաշվի առնելով, որ կոնֆլիկտի ամենահայանպաստ պահին անգամ միջնորդներից ոչ ոք հակաադրբեջանական կես քայլ իսկ երբևէ չի արել։ Ըստ այդմ՝ երաշխավորի մասին այս խոսակցությունը պարզ կեղծիք է՝ ինչ-որ մի ուժեղ ձեռքի անվան տակ անխուսափելի աղետն արդարացնելու նպատակով։ Եվ անգամ այնպիսի կեղծիք է, որ ոչ միայն կոնֆլիկտի մյուս կողմին, այլև նույնիսկ պոտենցիալ երաշխավորին չեն հարցրել՝ համաձա՞յն է։ 2020-2024թթ. իրադարձությունները փաստել են, որ ոչ մի երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, նման ցանկություն պարզապես չունի։ Քաղաքականության այբուբենն է՝ ոչ մի երկիր մեկ այլ երկրի հետ չի՛ թշնամանում երրորդի համար, առավել ևս, երբ բոլոր՝ անխտիր բոլոր, պոտենցիալ երաշխավորները Ադրբեջանի հետ բարեկամության ավելի մեծ շահ ունեն, քան Հայաստանի։ Հանդգնեմ պնդել՝ անգամ Թուրքիան չի ցանկանա երաշխավոր լինել։
Հիմնական ընդդիմություն համարվող Սամվել Կարապետյանը բացեիբաց հայտարարում է, որ Հայաստանի ստորագրությունը ետ չի վերցվելու TRIPP-ի ծրագրից և նախաստորագված «Խաղաղության» պայմանագրից, սակայն դա չի նշանակում, որ փաստաթղթերով ստանձնված պարտավորությունները կատարվելու են։ Այլ կերպ ասած՝ Կարապետյանի իշխանությունը փաստացի դրանք չի կատարելու։ Կստացվի մի մեծ խաբեություն այնպես, ինչպես 1998-2018թթ. տեղի է ունեցել ԼՂ հարցի հետ՝ կհայտարարվի մեկ բան, կուլիսներում կարվի դրա 180 աստիճան հակառակը։
Ընտրարշավի ընթացքում երկրորդ նախագահ Քոչարյանի բազմաթիվ կեղծ պնդումներից, սակայն, ամենից աչք զարնողը եղավ այն, որ 1 զանգով կկանգնեցներ պատերազմը։ Լեգիտիմ հարցեր են ծագում՝ ո՞ւմ էր զանգելու։ Պատերազմը կարծես Ալիևն էր սկսել, նա էլ չէր լինելո՞ւ կանգնեցնողը։ Թե՞ ուրիշ սուբյեկտ էլ կար, որ ունա՛կ էր կանգնեցնել և սպասել է հենց Քոչարյանի զանգին։ Ավելին՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը 2020թ. 44-օրյա պատերազմի սկզբին հայտարարել էր, որ եթե 7 շրջանները վերադարձվեն, պատերազմը կկանգնի։ Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը զանգելու էր և ասեր, որ վերադարձնում է 7 շրջանները։ Եթե այդպես էր, ինչո՞ւ էր ՀՀ երկրորդ նախագահն այդ ճակատագրական օրերին այդ մասին լռում և հակառակը՝ ոչմիթիզական ուղերձներ հղում։
Ֆունդամենտալ ռևիզիայի ռիսկը
Կարապետյանի և Քոչարյանի ուժերը աներկբա նշում են, որ նախապայման են դարձնելու ԼՂ հայերի վերադարձի թեման։ Մի փոքր «սպռավչկա». 2020թ. հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցություններում ԼՂ հարցը եղել է կենտրոնական, և դրա շուրջ որևէ կերպ համաձայնություն չէր կայանում։ Դա Հայաստանի համար կարմիր գիծ էր։ Հարցը օրակարգից դուրս է եկել միայն Արցախի վրա Ադրբեջանի հարձակման և վերջնական բռնազավթման արդյունքում։ Հիմա, եթե ԼՂ հարցը կրկին վերադարձվում է օրակարգ, ուրեմն ֆունդամենտալ ռևիզիայի է ենթարկվում այժմ գոյություն ունեցող բանակցային տրամաբանությունը։ Անգամ տարրական բանականությունն է հուշում, որ եթե չհայաթափված Արցախի դեպքում Հայաստանի ուժը չէր պատում Արցախի հարցը պահել իբրև նախապայման, հիմա՝ առավել ևս դրա թմբկահարումը լինելու է կոնտր-պրոդուկտիվ։ Ավելին՝ դժվար չէ չնկատել, որ ընդդիմությունը մի կողմից խոսում է ԼՂ հայերի վերադարձի մասին՝ միաժամանակ բացառելով ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում։ Անկախ որևէ մեկի մանկության բյուրեղյա երազանքներից՝ այդ հարցերը դարձել են հայելային և բացառված է, որ Հայաստանը կարողանա իր ներկայիս պոտենցիալով պարտադրել Ադրբեջանին ԼՂ հայերի վերադարձ և միաժամանակ խուսափել ադրբեջանցիների բնակեցման հարցից։ Ովքեր դա պնդում են, կա՛մ լիովին անիրազեկ են քաղաքականության բազային կատեգորիաներից, կա՛մ անամոթաբար խաբում են մարդկանց՝ խաղալով նրանց հույզերի հետ։
Ռոբերտ Քոչարյանը ժամանակին 2 անգամ այդպիսի կոպիտ վրիպում է թույլ տվել, երբ սխալ գնահատելով բանակցային տրամաբանությունն ու կոնֆլիկտի կողմերի կարողությունները, շրջակա տարրեր է մտցրել բանակցությունների մեջ, որոնք, ի վերջո, ծանր գին են արժեցել հայկական դիվանագիտության համար։ Ժոզեֆ Ֆուշեն փայլուն ձևակերպում ունի կարծես հենց այս դեպքի համար՝ «Դա ավելին է, քան հանցագործությունը, դա սխալ է»։ Եվ ահա այդ երկու դեպքում էլ՝ հայկական պահանջները տարիների ընթացքում կա՛մ նվաղել են, կա՛մ չեղարկվել, իսկ ադրբեջանական պահանջները կա՛մ կատարվել են, կա՛մ շարունակում են ցայսօր լինել սեղանին և, որ ամենավտանգավորն է, դրանց շուրջ միջազգային կոնսենսուս է ձևավորվել։ Մեկը, երբ Քոչարյանը Ցեղասպանության ճանաչման հարցով պահանջատիրությամբ փորձեց հակակշռել ԼՂ հարցում թուրք-ադրբեջանական դիրքորոշմանը, մյուս դեպքում, երբ բանակցային օրակարգ բերեց Մեղրիի հարցը։ Ցեղասպանության մասով Հայաստանը ստացավ «պատմաբանների հանձնաժողովի» նվաստացուցիչ պայմանը, իսկ Մեղրիի փոխանակման առաջարկի արդյունքում սակարկության դրվեց Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ծագեց անխոչընդոտ միջանցքի գաղափարը, որը ցայսօր հետապնդում է Հայաստանին։
Ռոբերտ Քոչարյանի երկու իդեա-ֆիքսերն էլ բերեցին աղետի. հայկական շահերից բխող հարցերը ջարդուխուրդ եղան, իսկ ադրբեջանականները՝ մնացին։ Եվ դա այն դեպքում, երբ 20 տարի Հայաստանում տիրակայեց հայդատական պահանջատիրությունը՝ իր ողջ ամպագոռգոռ թշվառությամբ և խարդախ ճոխությամբ։ Այդպես վարվելու համար կամ պետք է լինել քաղաքականապես կարճատես, կամ սպասարկել օտար շահեր։ Այդքան մոլեգնորեն անմիտ լինել հնարավոր չէ, մանավանդ, որ նշյալ միլիարդատերերն էլ կարծես սեփական կարողության հազարապատկման հարցում այդքան էլ հիմար չեն։
Խաբեություն
Խոսակցության իռացիոնալիզացիայի և նոստալգիկ զգացողություններին զարկ տալու այս արշավում հաջորդ սուտն այն է, որ նախկինում չկար պատերազմի վտանգ և դա պայմանավորված էր Հայաստանի «ուժեղ» իշխանությամբ ու «հպարտությամբ»։ Անքննելի փաստ է՝ «հպարտ» այդ կեցվածքով Քոչարյանն իր նախագահության առաջին 2 տարում մոլեռանդ հետևողականությամբ զրոյացրեց ԼՂ բանակցություններում բոլոր նվաճումները։ Երբ սեփական «հպարտության» չափիչը սահմանին ուրիշի զավակի զոհվելն է, դա արդեն անգամ քաղաքական հարց չէ, այլ տարրական բարոյականության։ Այդ «հպարտ» իշխանությունը ԼՂ բանակցությունները սկսել է՝ ոչնչացնելով հայկական կողմի քաղաքական թիվ մեկ փաստարկը և համաձայնելով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնող «Ընդհանուր պետություն» տարբերակին։ Իսկ նախագահության ավարտին Քոչարյանը համաձայնել և ժառանգություն է թողել «Մադրիդյան» փաստաթուղթը, որի 3-րդ կետով Ադրբեջանին էին վերադարձվում բոլոր 7 շրջանները՝ ի հեճուկս ոչ մի թիզ զիջելու քոչարյանական 10-ամյա քարոզչության։ Դա՞ էր այն հպարտ ու հաղթական լուծումը, որի մասին չարամտորեն խաբում էին մարդկանց։ Այդ փաստաթղթի ո՞ր կետով էր Արցախն անկախություն ստանում և անբեկելի անվտանգային երաշխիքներ։ «Հպարտության» մասին աղաղակող այդ սուտը հերթական՝ արդեն երկրորդ ընտրարշավն է, ինչ հրամցվում է մարդկանց։
Ընդդիմությունը ահաբեկում է «թրքացման» սպառնալիքով՝ առանց բացատրելու, թե նոր իրողությունների համատեքստում ինքը ի՞նչն է ուրիշ ձևով անելու՝ Ադրբեջանի հարևանությամբ խաղաղ ապրելու համար։ Եվ այդ քարոզչության համատեքստում ամենազազրելին 300 հազար ադրեբջանցիների մասին թեզն է, որը ոչ միայն քաղաքական օրակարգում հանգրվանեց, այլև քարոզչական իմաստով դաջվեց հանրային գիտակցության մեջ։ Կարելի է շնորհավորել Ադրբեջանին, որը կարիք չունի ինֆորմացիոն դիվերսիաների վրա հսկա ռեսուրսներ ծախսելու, քանի որ Հայաստանում «ազգային» ուժերը փայլուն իրականացրել են այդ «ուժեղ» օպերացիան և տպավորիչ արդյունքներ ստացել։ Մի նվաղ հույս ունեմ, որ դա արվեց միամտորեն և մի քանի ձայն պոկելու համար, այլ ոչ թե հստակ նպատակադրումով՝ իսրայելցի քաղտեխնոլոգի ուղղորդած հուշումով։
«Հզոր բանակ, հզոր դաշնակից, հայրենիք-սփյուռք միասնություն» հեքիաթասացությունը առնվազն 20 տարի եղել է իշխանության՝ պրակտիկայում ապացուցելով յուր բացարձակ սնանկությունը։ Ըստ էության, այժմ Հայստանում ձևավորվել է տիտղոսային ընդդիմություն, որի միակ առավելությունն անսահման փողն է։ Շատ մեծ հարց է՝ առանց այդ անսահման փողի, քանի՞ անշահախնդիր աջակից կմնա եռյակին։ Ինչպիսի՜ քաղաքական ամայության է հասել Հայաստանը՝ քաղաքական առողջ ընդդիմախոսության բացակայությամբ։
Որտեղ է թաքնված շան գլուխը
Դեռ ընտրարշավը չսկսած՝ լայնորեն քննարկվեց պատերազմի հավանականությունը։ Հարցադրումը հետևյալն էր՝ եթե ընդդիմությունը գա, պատերազմ կլինի՞, թե՞ ոչ։ Պատերազմներն, անշուշտ այդքան պրիմիտիվ գործիք չեն, որ ինչ-որ մեկի իշխանության գալով և չգալով լինեն կամ չլինեն։ Այս դեպքում պատերազմ չի լինի, սակայն պատճառն այն չէ, որ Ալիևը կվախենա հայկական «հպարտ, ուժեղ և կըռող» ընդդիմությունից կամ, որ իբր Մոսկվան չի թողնի, ինչպես պնդում են տնայնագործ քարոզիչները։
Պատերազմը չափազանց լուրջ ակտ է, որին նպաստող աշխարհաքաղաքական իրավիճակն այս պահին այլ է, իսկ Ադրբեջանն այժմ պատերազմի քարտ բլանշ չունի։ Սակայն եռյակի քաղաքականությամբ տեղի է ունենալու գործընթացի ֆունդամենտալ՝ արմատական փոփոխություն. փոխվելու է բանակցային մեթոդաբանությունը, և այդ կուրսով պատերազմն անխուսափելի է դառնալու որևիցե պահի։ Մեծ հաշվով այնպես, ինչպես 1998թ. հեղաշրջմամբ փոխվեց արտաքին քաղաքական մեթոդաբանությունը՝ հակամարտության կարգավորման տրամաբանությունից անցում կատարելով սառեցման և ստատուս-քվոյի պահպանությանը։ Ըստ այդմ՝ այդ քաղաքականությունը փոխվելու է ոչ թե ի օգուտ պատերազմի, այլ՝ ի օգուտ ստատուս քվոյի, որը պատերազմի դանդաղ ռումբն է։ Ահա սա է, որ ուղիղ չեն ասում ընդդիմադիրները, որ կրկին ու կրկին նախընտրելու են ստատուս քվոն՝ իրավիճակը սառեցնելու, Հայաստանը պաշարված ամրոց դարձնելու և փակ սահմաններով մնալու, ներսում ոչմիթիզական, դրսում ամեն ինչին համաձայնելու քաղաքականություն վարելու, բայց այդ ամենը նենգամտորեն թաքցնելու կուրսը։ Իսկ հետո ինչ կլինի՝ կլինի, այնպես, ինչպես Ղարաբաղի հետ՝ «Après moi, le déluge» լյուդովիկոսյան բանաձևով։ Կրկին հարցերը կպատվիրակվեն կենտրոնին՝ հուսալով, որ վերջինս մի բան կանի, չէ որ իրենց չի թողնի բախտի քմահաճույքին։ Այդժամ շատերը, սակայն, կմոռանան և գոնե իրենք իրենց չեն հարցնի՝ իսկ Արցախի էլիտան ինչպե՞ս մնաց բախտի քմահաճույքին։
«Ադրբեջան» մարտահրավերը ա՞յն հարցն է, որտեղ պետք է խոսել երազներով։ Դաս չեղա՞ն տասնյակ հազարավոր զոհերն ու հարյուր հազարավոր տնանկ մարդիկ։ Ինչքա՞ն կարելի է։ Այսօր կա կոնկրետ 3 փաստաթուղթ, որոնք մատնանշում են «Ադրբեջան» մարտահրավերի կառավարումը՝ Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգ, խաղաղության նախաստորագրված պայմանագիր և TRIPP պրոյեկտ։ Այլընտրանքը կենացներն են, անցյալի մասին նոստալգիկ հուշերը, օլիգարխիկ բառամթերքն ու ապաքաղաքական տղայականությունը։
Արդար խաղաղության ոգորումը
Արցախի հայաթափման, 30-ամյա զրկանքների ապարդյունության, հռչակված ազգային իղձերի և տասնյակ հազարավոր զոհերից հետո արդյո՞ք խաղաղության ներկայիս վիճակն այն էր, ինչ երազում էր հայությունը 1988թ. ի վեր։ Հարկավ, ոչ։ Իդեալակա՞ն տարբերակ է՝ ոչ, երազելի՞ լուծում է՝ ոչ, հնարավո՞ր լուծում է՝ այո։ Իսկ քաղաքականությունն ու դիվանագիտությունը հնարավորի արվեստն է, որտեղ հաճախ ընտրությունը վատի և վատթարագույնի միջև է։ Ներկայիս իրավիճակի թերևս առանցքային գործոնն այն է, որ Ադրբեջանը համաձայնել է այս լուծմանը։ Նման բան եղել է միայն նախկինում 2 անգամ՝ 1997թ. փուլային տարբերակ և 2020թ. նոյեմբերի 9։ Արդա՞ր է՝ ոչ։ Բայց մեզ նման երկրների դեպքում հատկապես արդարության և խաղաղության կոնցեպտները հաճախ ոչ միայն ձեռք ձեռքի չեն գնում, այլև մեծ մասամբ հենց հակոտնյա են։
Հարց է ծագում՝ ո՞րն է այժմ այս լուծման այլընտրանքը։ Կարո՞ղ է այնպես ստացվել, որ ներկայիս քաղաքականության մեթոդաբանական փոփոխության արդյունքում Հայաստանը ստանա անասելի վատ տարբերակ։ Որո՞նք են այն հիմնական հաշվարկները, որ կուրսի փոփոխությունը խոստանում է Հայաստանին՝ Քոչարյանի խիստ հայացքը՞, Կարապետյանի սնկերը՞, թե՞ Ծառուկյանի բելառուսական բարեկամությունը։ Ո՞րն է այն գործողությունը կամ գործողությունների համակցությունը, որ ստիպելու է իրավիճակը փոխել դեպի լավը կամ առնվազն չի վատթարացնելու՝ չշարունակելով խաղաղության գործընթացի ներկայիս տրամաբանությունը։ Այս հարցերի պատասխանները ոչ միայն չկան այդ մարդկանց ծրագրերում, այլև չհնչեցին անգամ հանրային բանավեճերում, որտեղ 2026 թվականին քննարկվում էին 1066, 1996, 1999, 2020 թվականները, բայց ոչ՝ ի՞նչ ենք անելու «Ադրբեջանի» հետ։
Հ.Գ. Ես նպատակադրված կերպով չեմ անդրադառնում մյուս կուսակցությունների ծրագրերին, քանի որ դրանք այժմ շանս չունեն պետական քաղաքականության վերածվելու՝ անկախ դրանց լավ կամ վատ լինելուց։
Նժդեհ Հովսեփյան
