Ո՞ւմ հանձնարարությամբ են պատռել ՀՀ քարտեզը. ՌԴ-ից մասնակիցներ՝ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ո՞ւմ հանձնարարությամբ են պատռել ՀՀ քարտեզը. ՌԴ-ից մասնակիցներ՝ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության երեկվա հանրահավաքին քիչ չէին Ռուսաստանից վերջերս ժամանած քաղաքացիները։ Նրանք պատրաստվում են մասնակցել նաև հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ 

Ի դեպ, այս մասին վաղուց էր խոսվում։ Անգամ իրավապահ մարմիններն էին բացահայտել, որ ռուսաստանում ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք են տալիս և ռուսասանահայ գործարարի կողմնակիցների կազմակերպմամբ ուղարկում Հայաստան՝  մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։

Եվ երեկ Radar Armenia-ի նկարահանող խումբը հանդիպել է կոնկրետ օրինակների։

Մինչ այդ, «Ուժեղ Հայաստանի» երեկվա հանրահավաքը, ըստ անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանի, ոչ միայն չծառայեց իր հռչակած նպատակներին, այլ նաև բացահայտեց մի շարք մտահոգիչ երևույթներ. «Էս կարգի խայտառակ քաղաքական ուժ Հայաստանում չի եղել 1991 թվի սեպտեմբերի 21-ից հետո, որևէ ուժ այսքան խայտառակ ձևով իրեն չի պահել, էսքան հակահայկական իրեն չի պահել։ Սա մեր ազգի ու երկրի խայտառակությունն ու ամոթն է, որից մենք հունիսի 7 պետք է ազատվենք»։

Նազարյանը պնդում է, որ հանրահավաքը զուրկ էր քաղաքական բովանդակությունից և հստակ ծրագրից։ Նրա խոսքով՝ շարժման ներկայացուցիչները չեն կարողանում անգամ հստակեցնել սեփական գաղափարական դիրքորոշումը. «Իրենք չգիտեն՝ սոցիալիստ են, ազատական են, արևմտամետ են, ռուսամետ են, թե ինչ են։ Իրենք դրածոներ են»։

Պատգամավորն անդրադարձավ նաև հանրահավաքի ընթացքում հնչած ադրբեջանական երաժշտության, ինչպես նաև Հայաստանի քարտեզը պատռելու  միջադեպերին՝ դրանք որակելով որպես կանխամտածված խորհրդանիշներ. «Հայաստանի քարտեզը պատռելը նշանակում է պատռել Հայաստանը։ Դրանք կոդեր են, և իրենք չեն թաքցնում, թե ինչի համար են եկել»։

Քաղաքական դաշտում քննարկումների առիթ է դարձել նաև Ռուսաստանի քաղաքացիների մասնակցությունը հանրահավաքին։ Նազարյանը համոզված է՝ խնդիրը ոչ թե որևէ հայ քաղաքական գործչի աջակցելն է, այլ՝ արտաքին շահերի սպասարկումը. «Էդ ուժը աշխատում է Ռուսաստանի համար։ Հայաստանում որևէ մեկի համար իրենք չեն աշխատում, աշխատում են այլ երկրի համար»։

Խոսելով ընտրակաշառքների մասին՝ պատգամավորը կոշտ նախազգուշացում հղեց քաղաքացիներին՝ կոչ անելով չտրվել առաջարկվող գումարներին և չներքաշվել հնարավոր քրեական գործընթացների մեջ։

Ռուսաստանից հնչում են հայտարարություններ, որ Ռուսաստանը կարող է դիմել ճնշումների կամ այլ գործողությունների, եթե իրենց սրտի վարչապետը չընտրվի: Նազարյանը նման սցենարը վտանգավոր համարեց, սակայն վստահեցնում է՝ Հայաստանը միայնակ չի մնա։ Ավելին, ըստ նրա, Հայաստանը տասնապատիկ շատ դաշնակիցներ կունենա, քան Ուկրաինան ունի։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment