Հունիսի 3-ից Ռուսաստանը սահմանափակել է հայկական արտադրանքի ներմուծումը։ Նշվում է, թե իբր բացակայում են ԵԱՏՄ երկրների կողմից կարանտինային արտադրանքի ստացումը հաստատող մեխանիզմները։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ։
-Արդյո՞ք իրականում որակական խնդիր ունենք, թե՞ սա քաղաքական որոշման հետևանք է։
-Որակական խնդիր կա. որքան էլ մեր պաշտոնյաներն ասում են, որ չկա, ես այդ կարծիքին չեմ ուզում համաձայնել, որովհետև բավականին տեղեկացված եմ տարբեր արտադրողների, ինչպես նաև այդ սերտիֆիկատների առկայության ու քանակների մասին։ Այնպես չէ, որ բոլոր այգիները կամ ջերմոցներն ունեն GLOBALG.A.P., փաթեթավորման GAP կամ ISO ստանդարտներ։ Տոկոսային հարաբերությամբ՝ կարող է ժամանակ առ ժամանակ ռուսական կողմը մեղմ վերաբերվի կամ աչքերը փակի և միայն «ճչացող» թղթերի բացակայության դեպքում սահմանափակումներ կիրառի, բայց երբ արդեն անհրաժեշտություն է լինում ավելի սաստկացնել, ռուսական կողմը դա անում է։ Քաղաքական ենթատեքստ ևս կա՝ ելնելով իրավիճակներից․ եթե քաղաքական խնդիր չկա, չտեսնելու է տալիս։ Այստեղ մեկ այլ խնդիր ևս կա․ տարբեր արտահանողներ ապրանք են բերում ու վերաարտահանում, բայց քանի որ կա տարածքների քարտեզագրում, ռուսական կողմը (նույնիսկ եթե ամեն ինչ մեր օրենքներով է արվում) կարող է պարզել, որ այդ արտադրանքը Հայաստանում չի արտադրվել։
-Ձեր նշած խնդիրներն ինչպե՞ս կարող են լուծվել։
-Բոլոր խնդիրների լուծումն ունի հետևյալ ձևը․ առաջինը՝ մեր ներքին ստուգումները, որոնք ՍԱՏՄ-ն է իրականացնում, պիտի լինեն պարբերական, պրոֆեսիոնալ և անկողմնակալ, որպեսզի կուտակենք մեր սեփական վիճակագրությունն այն մասին, թե մեր ապրանքները լավն են, թե վատը։ Եթե վատն են, պիտի իմանանք ու այդ ընկերություններին զգուշացնենք, որ որակը լավացնեն, քանի որ պետությունը հիմա Էկոնոմիկայի նախարարության միջոցով աջակցության շատ տարբեր գործիքակազմեր ունի՝ սուբսիդավորում, գյուղատնտեսական սարքավորումների համար զրոյական լիզինգի տրամադրում և այլն։ Հիմա պետությունը պիտի ափսոսա իր ծախսած գումարները և հետևի, որ դրանք լինեն նպատակային՝ անպայման ուշադրություն դարձնելով նաև որակին։ Արտահանման ժամանակ կարելի է Հայաստանի սահմանին պատահականության սկզբունքով ստուգել որոշ արտահանողների ապրանքները։
-Նշվեց, որ ՌԴ-ի կողմից արգելված ապրանքներն ուղարկվել են ԵՄ։ Ձեր կարծիքով՝ ԵՄ-ի շուկան ինչքանո՞վ է կայուն, և արդյո՞ք հայ արտահանողները կգտնեն իրենց տեղը, արդյոք գները մրցունա՞կ են։
-Այո, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ է ասում, որ մեր ապրանքների որակը համապատասխանում է ԵՄ ստանդարտներին և որակապես բարձր է, դրա համար էլ կարող են արտահանել դեպի Եվրոպա։ Շատ լավ է, որ օգնեն արտահանել Եվրոպա, բայց դա արագ տեղի չի ունենա։ Սակայն այստեղ կասկածելի պահեր կան, և լավ կլինի, որ պետական մարմններն իրենց աշխատանքն անեն սկզբունքորեն, և մենք ունենանք այդ վիճակագրությունը, որպեսզի ոչ թե մենք էլ մեր աչքերը փակենք։ Ներկա իրավիճակով նախարարն էլ ասաց, որ գնահատել են տրանսպորտային ծախսերը, և այդ առումով կարող է մրցունակ չլինենք, բայց եթե պետությունը սուբսիդավորի տրանսպորտային ծախսերը, ապա, կարծում եմ, հարցը կլուծվի։ Բայց ամենամեծ պրոբլեմը, կրկնում եմ, մեզ մոտ հիմնականում որակի խնդիրներն ու սերտիֆիկատների բացակայությունն են, որովհետև ես շատ լավ գիտեմ, որ Հայաստանում ընդամենը մի քանի կազմակերպություն ունի դրանք։ Օրինակ՝ լավ օրինակ է «Սպայկան», որը համապատասխանում է բոլոր ստանդարտներին և կարողանում է շատ լավ արտահանել։ Նշեմ նաև, որ խնդիր է մեր տեղափոխող մեքենաների վիճակը՝ կախված նրանից, թե ուր ենք գնում կամ ինչ ենք տանում․ մեքենաները հաճախ զինված չեն համապատասխան սարքավորումներով, օրինակ՝ սառնարաններով կամ տաքացնող սարքերով։
-Իսկ ի՞նչ վնասներ կարող է կրել հայ արտահանողը կարճաժամկետ հեռանկարում։
-Արդեն կրում են, քանի որ, բացի շուկաներ գտնելուց, խնդիր է նաև այն, թե ով է գնելու ապրանքը։ Այսինքն՝ այնպես չէ, որ եթե վաղը որոշեցինք սուբսիդավորել ու ասել՝ «վերցրեք տարեք, մենք ձեր փողերը կվճարենք», շուկաները գրկաբաց մեզ սպասում են։ Ոչ, պիտի գտնենք այդ գնորդին, սուպերմարկետների ցանցին։ Հայաստանի բիզնեսների մեծ խնդիրներից մեկն էլ այն է, որ հաճախ չեն կարողանում ռիթմիկ մատակարարում կատարել․ կարող է մի ֆուռ ուղարկել, հաջորդը՝ երկու ամիս հետո։ Մատակարարումը պետք է կանոնավոր (ռեգուլյար) լինի, հակառակ դեպքում բիզնեսը կընկնի միջազգային արբիտրաժների, վեճերի, տույժերի ու տուգանքների տակ։ Այստեղ էլ հաջորդ խնդիրն է գալիս՝ ոչ բոլոր բիզնեսմեններն են գրագետ, և կարող են չտիրապետել օտար լեզուներին՝ հաղորդակցության կամ արբիտրաժներում իրենց շահերը պաշտպանելու տեսանկյունից։
Լիլիթ Աբրահամյան
