911 մլն դրամ՝ արտասահմանյան այցերի համար․ ի՞նչ արդյունք են տվել պատգամավորների գործուղումները

2022-2025 թվականներին Ազգային ժողովի նախագահի և պատգամավորների արտասահմանյան գործուղումների վրա ծախսվել է մոտ 911 մլն դրամ։ Ծախսերը հոգում է հարկատուն. հյուրանոցի, օրապահիկի, ավիատոմսի համար վճարվում է պետական բյուջեից։ Բայց նույն հարկատուն չի իմանում, թե պատգամավորի գործուղումն ինչ արդյունք տվեց, վերադարձից հետո նա  ո՛չ մամուլի ասուլիս է հրավիրվում, ո՛չ հաշվետվություն է հրապարակում։ 

«Հետքն» ուսումնասիրել է 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների գործուղումները՝ 2021թ. օգոստոսից մինչև 2026թ. ապրիլի 8-ը։  

Միայն 2022-2025 թվականներին  Ազգային ժողովի նախագահի և պատգամավորների  արտասահմանյան գործուղումների վրա ծախսվել է մոտ 911 մլն դրամ, իսկ 2021թ. օգոստոսի 1-ից մինչև նույն տարվա ավարտը՝ 104 մլն 278 հազար դրամ (2021թ. գործուղման ծախսերում ներառված են նաև  ԱԺ աշխատակազմի աշխատակիցների գործուղումները, քանի որ առանձին հաշվառում չի իրականացվել):

Գումարի չափը՝ ըստ տարիների.jpg (173 KB)

Ըստ 2024թ. պետական բյուջեի կատարողականի (2025թ. կատարողականը դեռ չի քննարկվել), նշված տարում ԱԺ գործուղումների վրա ընդհանուր առմամբ ծախսվել է մոտ 455.4 մլն դրամ, որից 195 հազ. դրամը ծախսվել է ներքին գործուղումների վրա, իսկ 455.2 մլն դրամը՝ արտասահմանյան:

Ամենաշատը գործուղվում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, ինչը հասկանալի է՝ ԱԺ-ում մեծամասնությունն են։ Գործուղված պատգամավորների առաջին հնգյակում 4-ը ՔՊ խմբակցությունից են, մեկը՝ ընդդիմությունից: Ամենաշատը գործուղվել է Վլադիմիր Վարդանյանը (2026թ. մարտի 25-ին ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր)՝ 89 անգամ, այնուհետև Արուսյակ Ջուլհակյանը՝ 78, Սարգիս Խանդանյանը՝ 69 անգամ և Ռուբեն Ռուբինյանն ու «Հայաստան» խմբակցությունից Արմեն Գևորգյանը՝ 67-ական գործուղում:

TOP 5 գործուղվածներ.jpg (288 KB)

Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է։ Բայց ներկայացուցիչը մեկնում է արտերկիր ու վերադառնում՝ ոչինչ չասելով նրանց, ում շահերը ենթադրաբար ներկայացնում է։ Բացառություն են ԵԽԽՎ պատվիրակները, որոնք լրագրողներին ներկայացնում են Վեհաժողովում քննարկված հարցերը:

Խնդիրն առանձին պատգամավորի անտարբերությունը չէ, այլ այն, որ գոյություն չունի որևէ մեխանիզմ, որը նրան կպարտավորեցնի հաշվետու լինել գործուղման արդյունքների համար։ ԵԽԽՎ պատվիրակության օրինակը ցույց է տալիս, որ եթե կամք կա, ձևաչափը կստեղծվի։ Նախկինում գործուղումից վերադարձող պատգամավորները ճեպազրույց էին հրավիրում և ներկայացնում հանդիպումներում քննարկված թեմաներրը, պատասխանում լրագրողների հարցերին: Այժմ այդ հետևողականությունը չկա: Իսկ եթե հաշվետվություն չի տրվում, հանրությունը չի կարող գնահատել գործուղումների վրա ծախսված գումարների արդյունավետությունը։ 

Հարկ է հիշեցնել, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ն իշխանության է եկել հենց թափանցիկության ու հաշվետվողականության խոստումներով։ Սակայն, այդ խոստումները պատգամավորական գործուղումներին չեն վերաբերել։

Գործուղումների քանակը՝ ըստ խմբակցությունների.jpg (252 KB)

Պատգամավորները ընդհանուր 1523 գործուղում են ունեցել: Գործուղումների 82.5%-ը բաժին է ընկնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին, «Հայաստան» խմբակցությանը՝ 12%-ը,  «Պատիվ ունեմ»-ին՝ 3.7%, իսկ խմբակցություններում չընդգրկված պատգամավորներին՝ 1.7%:

1523 գործուղումներից 1481-ը կամ 97.2%-ը եղել են արտասահմանյան գործուղումներ, իսկ 42-ը՝ հանրապետության տարածքում: Օրինակ՝ 5 անգամ մեկնել են Գորիս, 9 անգամ՝ Դիլիջան և այլն:

Գործուղումների քանակը՝ ըստ գործուղման վայրի.jpg (228 KB)

107 պատգամավորից գործուղման չի գնացել 18-ը: Գործուղման չմեկնածներից 6-ը եղել են ՔՊ-ի, 9-ը՝ «Հայաստան», 2-ը՝ «Պատիվ ունեմ» և 1-ը՝ խմբակցություններում չընդգրկված պատգամավոր: 

Օրինակ՝ իշխող խմբակցությունից արտասահմանյան գործուղման չեն մեկնել Էսթեր Այվազյանը, Էդգար Հակոբյանը, Արմենուհի Ղազարյանը և այլք, իսկ ընդդիմությունից՝ Աննա Մկրտչյանը, Ագնեսա Խամոյանը, Մարտուն Գրիգորյանը, Իշխան Սաղաթելյանը և այլք: Խմբակցություններում չընդգրկված պատգամավորներից գործուղման չի մեկնել միայն Իշխան Զաքարյանը: 

Գործուղված և չգործուղված պատգամավորների թիվը՝ ըստ խմակցությունների.jpg (165 KB)

«Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ առհասարակ պետական բյուջեի ցանկացած ծախս պետք է թափանցիկ լինի։ Հաշվետվողականության ինստիտուտը պետք է գործի, քանի որ հանրությունը պետք է իմանա, թե իր հարկերից ձևավորված միջոցներն ինչ նպատակի են ծառայում։ 

«Վերջին տարիներին, այս առումով, մենք տեսնում ենք բաց, քանի որ չկա բովանդակային տեղեկություն, թե որ գործուղման արդյունքը և նպատակն ինչի է ծառայել, և առհասարակ՝ այդ միջոցները ինչպե՞ս են ծախսվել»,-ասում է Հասմիկ Հարությունյանը:

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ասաց, որ ընտրվելուց ի վեր միջխորհրդարանական վեհաժողովների, երկկողմ, ճանաչողական կամ որևէ այլ այցի շրջանակում գործուղման չի գնացել, թեեւ ընդգրկված է եղել կազմակերպությունների հանձնաժողովների կազմում՝ այն քվոտաների շրջանակում, որը պետք է հասանելի լիներ ընդդիմադիր պատգամավորին՝ խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում ներկայացվածություն ապահովելու համար: 

Ըստ Աննա Մկրտչյանի՝ խորհրդարանական դիվանագիտությունն ունի գործիքներ, բայց այդ գործիքներն արդյունավետ են ու հնարավոր է օգտագործել միայն այն պայմաններում, երբ կա հայկական շահը սպասարկող իշխանություն:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը ևս արտասահմանյան գործուղումներ չի ունեցել։ Նշեց, որ մի քանի առաջարկներ են եղել, բայց ինքը հրաժարվել է։

«2 կամ 3 անգամ եղել է բարեկամական խմբերի հետ այցի հնարավորություն, ուղղակի այնպիսի ժամանակահատվածներ են եղել, օրինակ՝ քարոզարշավ է եղել Անի համայնքում, ինձ հարմար չի եղել։ Որ ասեմ՝ շատ առաջարկներ եղել են, այդպես չէ, բայց մի քանի առաջարկ եղել է»,-ասաց Կարեն Սարուխանյանը։

Պատկերը գրեթե նույնն է գործադիրում՝ պետական կառավարման համակարգում: Երբ հանրային միջոցներով իրականացվող այցերի արդյունքները չեն ներկայացվում հանրությանը, հաշվետվողականությունը դառնում է ձևական, իսկ թափանցիկության խոստումները՝ դատարկ հայտարարություններ, եւ հարցեր են առաջանում՝ արդյոք այդ ծախսերն արդարացված էին։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment