Բժշկական աղբյուրների և ականատեսների տվյալներով՝ Գազա քաղաքում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 11 պաղեստինցի, այդ թվում՝ կանայք և երեխաներ, ևս տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Հարվածները տեղի են ունեցել վաղ առավոտյան՝ Գազա քաղաքի Շեյխ Ռադվան և Թել ալ-Հավա թաղամասերում, ինչպես նաև Շաթի փախստականների ճամբարում։ Իսրայելական օդուժը հարվածել է առնվազն չորս բնակելի շենքերի՝ առաջացնելով ուժեղ պայթյուններ և խուճապ բնակիչների շրջանում։
Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում են մարդիկ, որոնք փորձում են դուրս գալ հրդեհված շենքերից։ Իսրայելի զինված ուժերը դեռևս չեն մեկնաբանել այս հարվածները։ Հաղորդվում է, որ թիրախների թվում եղել է ՀԱՄԱՍ-ի հրամանատար Հասան Լաբադը, որը զոհվել է իր կնոջ և երեք երեխաների հետ միասին։ Հիշեցնենք, որ պատերազմը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Իսրայելի հարավի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմամբ, որի հետևանքով զոհվել էր շուրջ 1200 մարդ, իսկ 251 մարդ՝ գերեվարվել։ Ի պատասխան՝ Իսրայելը սկսել է ռազմական գործողություններ Գազայում։
