
Հայաստանը առաջին միջպետական պայմանագիրը ստորագրել է Օսմանյան Թուրքիայի հետ։ Ժամանակի հայ շատ գործիչներ այդ պետությունը չեն ճանաչել, նրա մասին խոսել են ծաղրանքով, անվանել են «Արարատյան հանրապետություն», բայց իրականությունը մեկն է, «Հայաստանի Հանրապետություն» անվանումը պաշտոնապես առաջին անգամ գործածվել է Բաթումի պայմանագրի տեքստում։
Տարածված տեսակետ կա, որ Բաթումում թուրքերի հետ բանակցող պատվիրակությունը «տեղյակ չէր, որ թուրքական զորքերը Սարդարապատում և Բաշ Ապարանում ջախջախիչ պարտություն են կրել»։ Այս հայացքը մոտ քառորդ դար հասցեագրվել է նաև ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին այն իմաստով, որ «հայկական դիվանագիտությունը չի կարողանում ամրագրել բանակի ռազմական հաղթանակները»։ Կար սպասում, որ միջազգային հեղինակավոր դերակատարները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան «ճնշում կգործադրեն, և Ադրբեջանը ստիպված կլինի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։
Այսօր ականատես եք լինում պատկերի, երբ Երևանի Հանրապետության հրապարակում ընդդիմադիր քաղաքական ուժի հանրահավաքի մասնակիցները պատռում են Հայաստանի քարտեզը։ Նրանք չեն ընդունում, որ Հայաստանի տարածքը 29 743 քառակուսի կիլոմետր է։ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը «համոզված» է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև «որևէ սկզբունքային տարաձայնություն չկա, ամեն ինչ քողարկված խաղ» է։ Նրա ֆեյսբուքյան գրառման տակ այսպիսի մեկնաբանություն ենք կարդում, «Մի քիչ համբերություն, և հայերը մեզ «Արևմտյան Ադրբեջանը» վերադարձնելու օրինական հնարավորություն կտան»։
Որևէ կապ կա՞ Հանրապետության հրապարակում Հայաստանի քարտեզը պատռելու և Զուլֆուգարովի գրառման ու «Արևմտյան Ադրբեջանի» մասին մեկնաբանության միջև։ Անցյալ տարի Հայաստանը և Ադրբեջանը Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության և հարաբերությունների հաստատման մասին պայմանագիրը, որի իմաստով Հայաստանի տարածքը 29 743 , Ադրբեջանինը՝ 86,6 հազար քառակուսի կիլոմետր է։
Իսկ Պարսկաստանի պատմությունը, ամենայն հավանականությամբ, Ավարայրի ճակատամարտ չգիտի։ Ինչպես որ Թուրքիան Սարդարապատը պարտություն չի ճանաչում։
Լուսանկարը՝ panorama.am-ի
