ՄԻԵԴ է ներկայացվել արցախցիների շուրջ 600 դիմում՝ գույքային հարցերով. Բեգլարյան

Բռնի տեղահանված արցախցիները ՄԻԵԴ են ներկայացրել ավելի քան 600 դիմում՝ կապված գույքի կորստի և դրա վերադարձի իրավունքի հետ, Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ դիմումները վերաբերում են, առաջին հերթին, արցախցիների գույքային պահանջներին՝ կապված Ադրբեջանի կողմից սեփականության (բնակարաններ, տներ, հողամասեր և այլն) բռնագրավման և զավթման հետ, ինչն առնչվում է նաև վերադարձի իրավունքին և այլ իրավունքների։

Բեգլարյանը նշել է, որ ՄԻԵԴ դիմել ցանկացողները կարող են լրացնել կարճ ձևաթուղթ, որից հետո նրանց հետ կապ կհաստատեն հիմնական դիմումը ձևակերպելու համար։ Ծառայությունը տրամադրվում է անվճար։

Արցախ Միությունը, «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակը, Բեգլարյանը և «Միջազգային ու համեմատական իրավունքի կենտրոնը» շարունակում են ընդունել դիմումներ՝ ՄԻԵԴ ներկայացնելու համար։

Մայիսին ԶԼՄ-ները գրել էին, որ ՀՀ իշխանությունները՝ Արցախի նախկին զինվորականների դեմ հարուցված գործերի կամ արցախցի զինվորականներից բնակարանների առգրավման գործընթացի շրջանակներում, պահանջել էին վերադարձնել Պաշտպանության նախարարության ծառայողական բնակարանը։

Leave a Comment