ԱՄՆ-ից հավանություն են տվել TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծմանը – armeniatoday.am

ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) տնօրենների խորհուրդը հավանություն է տվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) զարգացման ընկերության հիմնմանը, հայտնել են կորպորացիայից։

DFC-ի հաղորդագրության համաձայն՝ ընկերությունը պետք է աջակցի TRIPP նախագծի իրականացմանը։ Ընկերությունն ստեղծվելու է որպես Հայաստան-ԱՄՆ համատեղ նախաձեռնություն՝ առևտրի, փոխադրումների և տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման նպատակով։

Նշվում է, որ նախաձեռնությունը հիմնված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության հռչակագրի, ինչպես նաև TRIPP-ի շրջանակային համաձայնագրի վրա։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցել առանցքային ենթակառուցվածքային նախագծերի՝ երկաթուղիների, ավտոճանապարհների, խողովակաշարերի, օպտիկամանրաթելային ցանցերի և այլ ենթակառուցվածքների զարգացմանը։ DFC-ի գնահատմամբ՝ նախագիծը պետք է նպաստի տնտեսական համագործակցության ընդլայնմանը, առևտրի զարգացմանը և տարածաշրջանային կապերի ամրապնդմանը։

DFC-ի գլխավոր տնօրեն Բեն Բլեքի խոսքով՝ TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծումը միտված է տնտեսական համագործակցության միջոցով խաղաղության ամրապնդմանը։ Նա նշել է, որ հաստատված ներդրումային որոշումները համապատասխանում են ԱՄՆ ռազմավարական նպատակներին և ուղղված են գործընկեր երկրների հետ երկարաժամկետ համագործակցության խորացմանը։

TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծումը ներառվել է DFC-ի կողմից հաստատված 2,5 մլրդ դոլարի ռազմավարական ներդրումների փաթեթում, որը ներառում է նաև էներգետիկ, ենթակառուցվածքային և հանքարդյունաբերական այլ նախագծեր։

2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում էր ստեղծել TRIPP տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ։

Մայիսի 26-ին ՀՀ-ն և ԱՄՆ-ն նախաստորագրել, իսկ հունիսի 4-ին ստորագրել էին TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը։ TRIPP-ը վերաբերում է այն տարանցիկ ուղուն, որը պետք է կապի Ադրբեջանը Նախիջևանի հետ՝ Հայաստանի տարածքով։

Leave a Comment