ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան չի պատրաստվում ֆինանսավորել Երևանի ճանապարհը դեպի ԵՄ։ Նա այս մասին ասել է Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում բրիֆինգի ընթացքում։
«Մենք, իհարկե, չենք պատրաստվում վճարել ճանապարհը դեպի Եվրոպական միություն։ Այդ միությունը վարում է բացահայտ թշնամական քաղաքականություն ինչպես մեր երկրի, այնպես էլ այլ պետությունների նկատմամբ և աջակցում է Կիևի ռեժիմին՝ ոչ միայն աջակցելով, այլ նաև ֆինանսավորելով», — նշել է Զախարովան։
Դիվանագետը ընդգծել է, որ Հայաստանի համար անհնար է միաժամանակ մնալ ԵԱՏՄ-ում և ձգտել ԵՄ։
«Մենք լսել ենք բառախաղեր ՀԱՊԿ-ի վերաբերյալ, թե իբր ՀԱՊԿ-ն է դուրս եկել Հայաստանից։ Բայց այստեղ արդեն չհաջողվեց նման ձևակերպումներ հորինել․ ԵԱՏՄ-ն Հայաստանից դուրս չի եկել», — ասել է նա։
Զախարովայի խոսքով՝ նման մոտեցումը, երբ Երևանը փորձում է «նստել երկու աթոռի վրա», ոչ ոքի չի բավարարում։
«Վերջիվերջո նրանք, ովքեր այս իրավիճակը ստեղծել են, ստիպված կլինեն կողմնորոշվել։ Ընտրական գործընթացն այստեղ որևէ կապ չունի․ սա քաղաքական կուրսի հստակ ընտրության հարց է», — եզրափակել է նա։