ԵՄ-ն շուրջ 50 միլիոն եվրոյի չափով ֆինանսական աջակցություն կցուցաբերի Հայաստանին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական աջակցություն՝ Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի նկատմամբ սահմանափակումների ֆոնին։

«Այսօր ես զրույց ունեցա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ վերջերս կիրառված սահմանափակումները։ Սա տնտեսական ճնշման ակնհայտ դրսևորում է և անընդունելի է»,- գրել է ֆոն դեր Լեյենը X-ի իր էջում։

Նրա խոսքով՝ Մոսկվան տնտեսական հարաբերություններն օգտագործում է քաղաքական ճնշում գործադրելու նպատակով՝ երկարաձգելով հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։

Ֆոն դեր Լեյենը հայտնել է, որ ԵՄ-ն պատրաստում է աջակցության փաթեթ, որը ներառում է ավելի քան 50 մլն եվրոյի անհապաղ ֆինանսական աջակցություն, ինչպես նաև միջոցառումներ՝ հայկական, մասնավորապես՝ ագրոպարենային արտադրանքի առևտուրը հեշտացնելու համար։

Նա նաև նշել է, որ աջակցություն կտրամադրվի տուժած ոլորտներին, այդ թվում՝ ծաղկարտադրությանը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը վերջերս սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը՝ «կասկածելի հիմնավորումներով»։

«Վաղը Լատվիա կհասնի 10 000 ծաղիկներից բաղկացած առաջին խմբաքանակը, իսկ հետագայում կհետևեն նոր առաքումներ»,- նշել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

Ֆոն դեր Լեյենը հիշեցրել է, որ 2024 թվականից ԵՄ աջակցությունը «Դիմակայունության և աճի ծրագրի» շրջանակում արդեն օգնել է շուրջ 7000 բիզնեսի և նպաստել ավելի քան 20 000 աշխատատեղի ստեղծմանը Հայաստանում։

Նա նաև վերահաստատել է ԵՄ հանձնառությունը՝ իրականացնելու «Կապակցվածության գործընկերության» շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ընդգծելով, որ Հայաստանը կարող է դառնալ Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող ռազմավարական հանգույց։

Կողմերը պայմանավորվել են ստեղծել ԵՄ-Հայաստան համատեղ աշխատանքային խումբ, որը կհամակարգի նախաձեռնությունների իրականացումը և կքննարկի հետագա աջակցության հնարավորությունները։

Leave a Comment