ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ Ֆիթնես կենտրոնների համար կսահմանվեն չափորոշիչներ: Կառավարության նիստում, ներկայացնելով համապատասխան նախագիծը, Անդրեասյանն ասել է, որ դրանք գործելու են որոման ընդունումից հետո 1 տարի ժամանակահատվածում ուժի մեջ մտնելու պայմանով:
Ըստ նախարարի՝ սա բավարար ժամանակահատված է այս պահին գործող կազմակերպությունների համար՝ վերլուծելու սեփական գործունեությունը և ըստ անհրաժեշտության լրամշակումներ անելու:
Նա տեղեկացրել է, որ առանձին կարգավորումներ են սահմանվում ֆիթնես կենտրոններում կամ մարզասրահներում տեղադրված մարզասարքերի մասով, որպեսզի դրանք ինքնաշեն չլինեն, ունենան համապատասխան սերտիֆիկատ, որպեսզի մարզագույքի օգտագործումն անվտանգ լինի:
Բացի այդ, համապատասխան կարգավորումներ են սահմանվել օդափոխության, սանհանգույցների, ջրամատակարարման, բնական կամ արհեստական լուսավորության, անհրաժեշտության դեպքում՝ բժշկական ծառայությունների հասանելիության մասով:
«Իհարկե, սահմանվում է նաև, որ ֆիթնես կենտրոնների մարզիչները պետք է ունենան հավաստագիր»,- ասել է նախարարը։
Նախաձեռնությունը մի քանի փուլով նաև քննարկվել է ոլորտի ավելի քան 40 կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
