Հայաստանն ավելի քան 700 մլն դոլար (ավելի քան՝ 250 միլիարդ դրամ – խմբ.) կկորցնի, եթե իր գյուղատնտեսական արտադրանքը չիրացվի Ռուսաստանի Դաշնությունում, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Միայն գյուղատնտեսական արտադրանքի գծով, որի ավելի քան 96%-ը սպառում է Ռուսաստանը, երկիրը տարեկան կկորցնի ավելի քան 700 մլն դոլար և հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր աշխատատեղեր», – ասված է ՌԴ ԱԽ մամուլի ծառայության տարածած մեկնաբանության մեջ։
Մոսկվայից հնչող քննադատության ֆոնին ՌԴ-ն սահմանափակել էր ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը, որոնց թվում են ծաղիկները, «Ջերմուկ» հանքային ջուրը, ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը, մրգերի և բանջարեղենի որոշ տեակներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը կսուբսիդավորի Ռուսաստանի սահմանափակումների պատճառով տուժած բիզնեսին։
«Ազատություն» ռ/կ-ի եվրոպական աղբյուները հայտնել են, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի կողմից ՀՀ-ի նկատմամբ կիրառվող տնտեսական սահմանափակումների ֆոնին քննարկելու են Եվրամիության աջակցությունը Հայաստանին։
