ՀՀ-ն և ԱՄՆ-ն ստորագրել են TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը – armeniatoday.am

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռավար ձևաչափով ստորագրել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը, տեղեկացրել է Միրզոյանը։

Համաձայնագիրը, որը նախաստորագրվել էր մայիսի 26-ին՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ ՀՀ այցի ժամանակ, նախատեսում է TRIPP նախագծի իրականացումը Հայաստանի տարածքում՝ որպես տարածաշրջանային տարանցիկ և ենթակառուցվածքային միջանցք (TRIPP վերաբերում է այն տարանցիկ ուղուն, որը պետք է կապի Ադրբեջանը Նախիջևանի հետ՝ Հայաստանի տարածքով-խմբ․):

Միրզոյանը հավելել է, որ Ռուբիոն իր ստորագրել է փաստաթղթերը, որոնք առաքվել են Հայաստան։

Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել TRIPP-ի զարգացման ընկերություն, որի բաժնետոմսերի 74%-ը կպատկանի ԱՄՆ կառավարության կողմից ստեղծվող կառույցին, իսկ 26%-ը՝ Հայաստանին։ Ընկերությունը կստանա նախագծի իրականացման և կառավարման լայն լիազորություններ, իսկ նախնական ժամկետը կկազմի 49 տարի՝ հետագայում երկարաձգման հնարավորությամբ։

Միաժամանակ փաստաթղթում ընդգծվում է, որ Հայաստանը պահպանում է ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը TRIPP-ի իրականացման բոլոր գոտիների նկատմամբ։ Ըստ համաձայնագրի՝ սահմանային վերահսկողությունը, մաքսային գործառույթները, իրավապահ գործունեությունը և անվտանգության ապահովումը շարունակում են մնալ հայկական պետական մարմինների պատասխանատվության ներքո։

Փաստաթուղթը նաև նախատեսում է հարկային և ներդրումային մի շարք արտոնություններ TRIPP-ի զարգացման ընկերության և դրա դուստր կառույցների համար, ինչպես նաև ԱՄՆ-ի աջակցությունը ֆինանսավորման ներգրավման, սահմանային ենթակառուցվածքների արդիականացման և նախագծի իրականացման հարցերում։

2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից:

Leave a Comment