ՀՀ տարածքից 2026թ․ հունիսի ընթացքում արտահանված ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղեն և ծաղիկներ արտահանող տնտեսավարողներին կտրամադրեն փոխհատուցում։ Որոշումը հաստատվել է կառավարության հունիսի 4-ի նիստում։
Փոխհատուցումը կլինի հետևյալ չափերով՝ ելակի յուրաքանչյուր 1 կգ-ի համար՝ 770 ՀՀ դրամ, լոլիկի յուրաքանչյուր 1 կգ-ի համար՝ 275 ՀՀ դրամ, պղպեղի յուրաքանչյուր 1 կգ-ի համար՝ 400 ՀՀ դրամ, ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար՝ 37 ՀՀ դրամ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 2-ին հայտարարել էր ՌԴ սահմանափակումների պատճառով տուժած բիզնեսին աջակցելու ծրագրերի նախապատրաստման մասին։ Գեղարքունիքի մարզում նախընտրական քարոզարշավի ընթացքում նա հայտնել է նաև դեպի նոր շուկաներ հայկական վարդերի և բանջարեղենի առաջին մատակարարումների մասին։
Մայիսի 22-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցելու որոշման պարագայում Հայաստանը կկորցնի որոշակի արտոնություններ, երկրի համար կսահմանվեն մաքսատուրքեր, ինչպես նաև կփոխվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հայկական իշխանություններին կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն զգուշացրել էր ԵԱՏՄ արտոնությունների հնարավոր կորստի մասին: Մայիսի 29-ին ԵԱՏՄ երկրները ՀՀ-ին հորդորել էին ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել։
