Օվերչուկը՝ հայկական ներմուծման նկատմամբ հնարավոր նոր միջոցների մասին

Հայկական ապրանքների նկատմամբ հնարավոր նոր միջոցները կախված կլինեն նրանից, թե ստուգումների ընթացքում կբացահայտվի՞ արդյոք սպառողների համար վտանգ ներկայացնող որևէ խնդիր։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

«Եթե ինչ-որ բան հայտնաբերվի, ապա միջոցներ կձեռնարկվեն, եթե չհայտնաբերվի՝ չեն ձեռնարկվի», — ասել է Օվերչուկը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում գործակալության հետ զրույցում։

Մեկնաբանելով հայկական ապրանքների նկատմամբ վերջերս կիրառված միջոցները՝ նա նշել է, որ անհրաժեշտ է ստուգել Հայաստանից մատակարարվող նոր բերքն ու նոր արտադրանքը, ինչը բնական գործընթաց է։

«Ռուսաստանը հայկական ներմուծման նկատմամբ որևէ սահմանափակում չի մտցնում։ Ընթանում է սովորական աշխատանք՝ կապված այն հանգամանքի հետ, որ այժմ նոր բերք է ստացվել, նոր արտադրանք է հայտնվել, և բնականաբար ստուգումների ընթացքում կարող են ի հայտ գալ որոշ հարցեր», — եզրափակել է Օվերչուկը։

Leave a Comment