Աստվածային համբերություն

– Տե՛ր, Քեզ նման արա մեզ:

Կերտի՛ր մեզ Քո նմանությամբ:

– Իմ որդիներ, կաղապարել նշանակում է մասնատել ու վերստին ձևավորել: Նշանակում է զոհաբերել անձնականը` ցանկալի կերպարին նմանվելու համար: Այս ոչ միայն Իմ, այլ նաև ձեր գործն է:

Առանց հապաղելու ճանաչեք անձնականը` ձեր ցանկությունների, գործերի և մտածումների մեջ ու անմիջապես ինձ դիմեք օգնության համար, որպեսզի ջնջեմ այն ձեր սրտերից:

Սա մի գործ է, որ պահանջում է սերտ համագործակցություն` Իմ և ձեր միջև:

Մի գործ է, որ հարուցում է նաև վստահության և ձախողումի զգացում, որովհետև երբ գործն առաջ է գնում, դուք ավելի հստակ եք տեսնում այն ամենը, որ դեռ պիտի կատարվի:

Տեսնում եք պակասություններ, որոնց մասին գրեթե ոչ մի պատկերացում չունեիք մինչ այդ, կամ գոնե դրանց համար ոչ մի ցավ չէիք ապրում, իսկ այժմ ահա, ձեզ նեղություն ու սոսկում են պատճառում:

Քաջություն: Այդ արդեն ինքնին հաջողության նշան է: Համբերող եղեք ոչ միայն ուրիշների հանդեպ, այլ նաև իրար նկատմամբ:

Երբ նշմարեք քայլ առ քայլ վեր տանող ձեր առաջընթացը, ամեն ինչից զատ, շուտով կտիրանաք Աստվածային համբերության և ձեռք կբերեք հանդուրժելու զորություն բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնց անկատարությունները նեղություն էին պատճառում ձեզ:

ՈՒրեմն շարունակեք ձեր վերելքը:

Առաջ ընթացեք: Համբերություն ունեցեք: Հարատևող եղեք:

Վստահ եղեք, որ Ես ձեր կողքին եմ, ձեր զորավարը և օգնականը:

Սիրող, համբերող և հզոր:

Այո, մենք համագործակցում ենք, ինչպես Ես եմ մասնակից ձեր նեղություններին, վրիպումներին, դժվարություններին, ձախողումներին, այդպես էլ դուք` իբրև Իմ բարեկամները, մասնակից եղեք Իմ համբերությանը, զորությանը և սիրուն:

Leave a Comment