18:00 Լուրերը մեկ տողով. Քվեաթերթիկների տպագրություն, քրեական նոր վարույթ, խոցված ռուսական ռազմանավ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 

·  ԱԺ ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունն ավարտվել է: Տպարանում տպագրվել է ընդհանուր առմամբ ավելի քան 47 միլիոն քվեաթերթիկ՝ բոլոր մասնակից ուժերի համար: ԿԸՀ-ն հիշեցրել է, որ քվեարկության գաղտնիության պահպանումը քաղաքացիների պարտականությունն է:

·  Ընտրակաշառքի խոստման դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տվյալներ է ստացել ռուսաստանաբնակ բլոգերի կողմից ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք խոստանալու վերաբերյալ: Իրավապահները միջոցներ են ձեռնարկում ենթադրյալ կաշառք ստացած անձանց ինքնությունը պարզելու համար:

·  Մոսկվան անդրադարձել է Հայաստանի սպասվող ընտրություններին: Ռուսական կողմը հույս է հայտնել, որ քաղաքացիների ընտրությունը կլինի պատմականորեն ճիշտ և բարենպաստ երկկողմ հարաբերությունների համար: Շեշտվել է ազգային շահերից բխող ընտրություն կատարելու կարևորությունը:

·  Պաշտպանության նախարարը պարզաբանել է իր աղմկահարույց հայտարարությունը: Սուրեն Պապիկյանը մեկնաբանել է նախընտրական հանրահավաքում իր հնչեցրած և քննադատության արժանացած խոսքերը: Նա հավելել է, որ պատերազմի օրերին Լեռնային Ղարաբաղում է գտնվել այնքան, որքան անհրաժեշտ է եղել:

·  Ուկրաինական անօդաչուները խոցել են ռուսական ռազմական նավ: Հարվածների հետևանքով Կրոնշտադտի նավահանգստում գտնվող «Բոյկի» նավի վրա հրդեհ է սկսվել: Սա Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմի ընթացքում վնասված Բալթյան նավատորմի երրորդ նավն է:

·  Սլովենիան արգելել է իսրայելական ինքնաթիռի վայրէջքը: Քաղաքական պատճառներով պայմանավորված այս որոշումից հետո քաղաքացիական օդանավը ստիպված է եղել փոխել երթուղին: Ինքնաթիռն ի վերջո վայրէջք է կատարել Զագրեբում:

·  ԱՄՆ նախագահը մեկնաբանել է Իսրայելի վարչապետի հետ ունեցած խոսակցությունը: Դոնալդ Թրամփը հաստատել է, որ հեռախոսազրույցի ժամանակ կոշտ է արտահայտվել Բենյամին Նեթանյահուի հասցեին: Նա մտահոգություն է հայտնել Լիբանանում ընթացող մարտական գործողությունների կապակցությամբ:

·  Թուրքիան և Սաուդյան Արաբիան նոր տրանսպորտային նախագիծ են քննարկում: Կողմերը բանակցում են Սիրիայի տարածքով դեպի Պարսից ծոցի երկրներ տանող երկաթուղային միջանցքի գործարկման շուրջ: Նպատակն է վերականգնել տարածաշրջանային նախկին երթուղիները:

 

Leave a Comment