Որքանով հասկացվում է, ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչները Վրաստանի վարչապետ Կոբախիձեի հետ բանակցություններում վստահեցրել են, որ Հայաստանի հարավում TRIPP նախագծի գործարկման ծրագիրը Միացյալ Նահանգների համար «Վրաստանի դերը և նրա հետ ռազմավարական համագործակցությունը չի անտեսում»։ Դատելով վրացական մամուլի հասանելի աղբյուրների հրապարակումներից, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և նրան «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը գործող իշխանություններին սուր քննադատում են «Արևմուտքից երես թեքելու» համար, ինչի հետևանքով «Վրաստանը կորցրել է տրանզիտային բացառիկ երկրի կարևորությունը»։
Ըստ երևույթին, Ռուսաստանը փորձել է «աբխազական երկաթուղու վերագործարկման ծրագիրը» հակադրել TRIPP-ին և գաղափարը զարգացնելու համար ներգրավել է Հայաստանի ընդդիմադիր ուժերին։ Այդ մասին խորհրդարանական ընտրապայքարի մեկնարկին, մասնավորապես, խոսել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Վրաստանի վարչապետի գրասենյակը, հակադարձելով ընդդիմության քարոզչությանը, պաշտոնապես հայտարարել է, որ Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցությունը «վերականգնելու հարց չի քննարկվում»։
ԱՄՆ պետական դեպարտամենտի պատվիրակության Թբիլիսի այցը, որ տևել է մայիսի 25-28-ը, վկայում է, որ Ռուսաստանից ճնշումներին դիմակայելու համար Վրաստանը զգացել է Վաշինգտոնի աջակցության կարիքը։ Թրամփի վարչակազմը, ի տարբերություն Եվրամիության, Վրաստանի իշխանություններին կոշտ պահանջներ չի ներկայացրել։ Կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները «Վրացական երազանքի» կառավարության «ավտորիտար հակումների» առջև «աչք է փակում», որպեսզի Վրաստանը հարկադրված չլինի Ռուսաստանին զիջումներ անել։
Հունիսի 2-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սենատի պրոֆիլային հանձնաժողովում լսումների ժամանակ հրապարակայնացրել է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական համագործակցության հեռանկարի համար «ուրախ» չէ։ Ռուբիոն նաեւ ասել է, որ Մոսկվան կցանկանար, որ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններում պարտվեր։ Այս ֆոնին Հայաստանի ընդդիմությունը և նրա հետ աֆիլացված փորձագետները գուժում են «Մեղրիի հանձնումը»։
Հունիսի 2-ի հեռուստաբանավեճում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակիորեն բացահայտել է նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի «գաղտնագիրը» և հավստիացրել, որ «արտատարածքային միջանցքի» այդ ծրագիրը մնացել է անցյալում, «չի լինելու»։ Նույն օրը Հայաստանի գործարարները հատել են Թուրքիայի հետ սահմանը և Կարսում թուրք գործընկերների հետ քննարկել ուղղակի առեւտրի կազմակերպման հետ կապված հարցեր։ Հունիսի 2-ին կայացել է Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հեռախոսազրույցը։
Անշուշտ, վաղ է խոսել Հայաստանի ապաշրջափակման և եվրոպական շուկաներ հայկական գյուղատնտեսական և այլ ապրանքների մուտքի մասին, բայց Ռուսաստան արտահանումներին այլընտրանքի հրապարակայնացումը ինքնին քաղաքական ռեսուրս է։ Վրաստանի վարչապետի և կառավարության առանցքային անդամների հետ ԱՄՆ պետդեպարտամենտի պատվիրակության բանակցությունները, կարելի է ասել, նաև Հայաստանի մասին են գոնե այն իմաստով, որ ուղղված են TRIPP ծրագրի հանդեպ Թբիլիսիի «անհանգստությունների փարատմանը»։ Այդ բացառիկ հնարավորությունը պետք է ամրապնդվի հունիսի 7-ի քվեարկության արդյունքներով։ Հակառակ դեպքում Հայաստանի համար դիմակայության «ճակատ կբացվի» ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլև Վրաստանի հետ, որովհետև ռուս-վրացական «մեղրամիսը» եթե արդեն չի ավարտվել, ապա սպառվելու վրա է, մայիսի 9-ին Վլադիմիր Պուտինը Հարավային Օսեթիայի «նախագահ» Գագլոևի հետ «համապարփակ ինտեգրացիայի» մասին համաձայնագիր է ստորագրել։ Տեսանելի ապագայում տեղաշրջանը «կինտեգրվի» Անանիա-Հյուսիսային Օսեթիային, այսինքն՝ ՌԴ մաս կկազմի։
